News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 20
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի ձերբակալմանը՝ նշելով, որ դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ իշխանությունները վճռական են տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարին:

«Փաստացի այն իշխանությունը, որը պայքարում էր կոռուպցիայի դեմ, այսօր էլ բավականին էֆեկտիվ ձեւով պայքարում է կոռուպցիայի եւ նմանատիպ դրսեւորումների դեմ, որի ապացույցը ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործն է»,- ասաց նա:

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ իր համար սպասելի չէր այդ ամենը: «Առհասարակ նոր իշխանության քաղաքական թիմի որեւէ ներկայացուցչի հետ կապված նմանատիպ նորությունները եւ լուրերը մեզ համար տհաճ ու զարմանալի են»,- ասաց նա եւ նշեց, որ չնայած դրան այս պահին պետք է արձանագրենք, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, եւ կոչ արեց չշտապել եւ սպասել քննության արդյունքներին։

«Պետք է արձանագրենք, որ լինեն նախկիններ, թե ներկաներ, այսօրվա կառավարության դիրքորոշումը շատ հստակ է , որ որեւէ ապօրինություն, անկախ դրա հեղինակից, ենթակա է օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցների»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք սա չի նշանակում, որ այս դեպքը կարող է շարունակական լինել եւ դրա համար հող կա նախապատրաստված, Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ ոչինչ չի բացառվում։

«Կարծում եմ՝ կարեւորը ոչ թե բացառելն է, այլ ստեղծելն այնպիսի համակարգ, որը ցանկացած նմանատիպ երեւույթ, դրսեւորում կկանխի կամ կարձագանքի դրանց։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ ու համակարգ գոյություն ունենար եւ գործեր շատ ավելի վաղ։ Սակայն մենք ժառանգել ենք մի այնպիսի համակարգ, որն ամենեւին այլ տրամաբանությամբ է փորձել գործել եւ հետեւաբար պետք է արձանագրենք, որ այս պահին համակարգը բավականին ռեակտիվ է արձագանքում նման նմանատիպ դրսեւորումներին»,– ընդգծեց նա։

Ըստ աշխատակազմի ղեկավարի՝ այսպիսի դեպքերը չի ազդում իշխանության վարկանիշի վրա: «Այստեղ անձերը կապ չունեն, այստեղ համակարգն է կարեւոր եւ հաշվի առնելով, որ նմանատիպ դրսեւորումներն ի հայտ են գալիս եւ դրանց հեղինակները պատասխանատվության են ենթարկվում, ընդհակառակը կարծում եմ, դա էլ ավելի է բարձրացնում մեր քաղաքական թիմի վարկանիշը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գեւորգ Լոռեցյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու կասկածանքով։ ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ Գեւորգ Լոռեցյանից բացի, բերման է ենթարկվել նաեւ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Տպել