News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում, որն ակնհայտորեն հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Արհամարhված և ոտնահարված հերթական սահմանադրական կարգավորումը՝ գործառութային անձեռնմխելությունը!

ՀՀ երրորդ nախագահի նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում, որն ակնհայտորեն հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին:

Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Ընդ որում, ի տարբերություն գործառութային անձեռնմխելիությամբ օժտված այլ սուբյեկտների, օրինակ՝ դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ է։

Այսինքն՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող հարուցվել, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե այն վերաբերում է վերջինիս կարգավիճակից բխող գործողություններին։

Սահմանադրական դատարանը, ՍԴՈ-1476 որոշմամբ մանրամասն վերլուծելով պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելության հետ կապված հարցերը, գտել է, որ Սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված և, ըստ այդմ` հատուկ պաշտպանություն ունեցող անձանց (ներառյալ՝  պաշտոնաթող Հանրապետության նախագահին) ներկայացվելիք մեղադրանքը, այդ թվում՝ հիմնավոր կասկածի տեսանկյունից, պետք է բավարարի իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը, այն է՝ այդ անձանց մեղսագրվող արարքը, ներառյալ՝ դրա հիմքում դրված փաստերը, չպետք է վերաբերեն այնպիսի գործողության կամ անգործության, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից: Հակառակ դեպքում գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, իսկ հարուցված քրեական հետապնդումը և դրան հաջորդած բոլոր գործողությունները պետք է ճանաչվեն ոչ իրավաչափ և անհապաղ դադարեցվեն:

Այսինքն՝ եթե պաշտոնաթող նախագահին առաջադրված մեղադրանքը կամ դրա հիմքում դրված փաստերը վերաբերում են այն գործողություններին, որոնք բխել են նախագահի կարգավիճակից, ապա հարուցված քրեական հետապնդումը և դրան հաջորդած բոլոր գործողությունները ծայրահեղ ոչ իրավաչափ են և ենթակա են անհապաղ դադարեցման։

Վերոնշյալի համատեքստում հատուկ ուշադրության է արժանի ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունը. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով...»։

Այսինքն՝ ՀՔԾ-ն ուղղակիորեն հաստատում է, որ ենթադրյալ արարքները կատարվել են՝ Նախագահի պաշտոնական դիրքն օգտագործելով, ինչը հավաստում է հարուցված քրեական հետապնդման ապօրինի բնույթը։

Մի բան հստակ է՝ իրավական պետության, Սահմանադրության ու սահմանադրականության խարխլումը դարձել է օրակարգ, որից հրաժարվում են շեղվել»,-նշել է նա։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ