News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ոստիկանները բացահայտել են զենքի սպառնալիքով կատարված հինգ ավազակային հարձակումներ. կասկածյալները ձերբակալվել են։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը Երեւանում, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում 5 ավազակային հարձակում էր կատարվել: Հարուցվել էին քրեական գործեր:

Առաջին դեպքը Արմավիրի մարզում էր եղել: Նոյեմբերի 30-ին դիմակավորված երկու անձ մտել էին Մյասնիկյան գյուղի մթերային խանութն ու ատրճանակի նմանվող առարկայով սպառնալով` գումար պահանջել: Հափշտակել էին դրամարկղից` փող, նոութբուք եւ երկու բջջային հեռախոս: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ավազակային հարձակման նոր դեպք գրանցվեց` այս անգամ արդեն ոստիկանության Կոտայքի բաժնում:

Դեկտեմբերի 1-ին դարձյալ երկու դիմակավոր մտել էին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շուրջօրյա գործող մթերային խանութ եւ հրազենի նման առարկայի սպառնալիքով` փող ու բջջային հեռախոս հափշտակել: Հաղորդումը ստանալուն պես իրավապահները դեպքի վայր մեկնեցին, ուսումնասիրեցին` որտեղից ինչ են հափշտակել, զրուցեցին տուժողի հետ:

Երկու օր անց ավազակայի հարձակման վերաբերյալ մեկ այլ հաղորդում էլ ոստիկանության Մաշտոցի բաժնում գրանցվեց: Երկու դիմակավորված անձ մտել էին Դավիթաշենի հանրախանութներից մեկը, դանակի եւ ատրճանակի նման առարկայի սպառնալիքով` դրմարկղից գումար հափշտակել:

Չորրորդ դեպքը դեկտեմբերի 5-ին Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում էր կատարվել: Երեք դիմակավորված անձ ատրճանակի նման առարկայի, դանակի եւ Էլեկտարհարող սարքի սպառնալիքով բենզալցակայանից փող, համակարգիչ ու երեք բջջային հեռախոս էին հափշտակել:

Վերջին դեպքը Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում էր կատարվել: Դեկտեմբերի 6-ին, ժամը 16-ի սահմաններում երեք երիտասարդ, թոշակառու մի կնոջ տուն էին մտել, ըստ կնոջ` զենքի սպառնալիքով հափշտակել ոսկյա իրեր, գումար եւ թանկարժեք ժամացույց՝ պատճառելով մոտ 2.000.000 դրամի նյութական վնաս:

Ավազակային հարձակում կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման գործում փոխգործակցում էին ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ, ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից:

Խանութներից երկուսի տեսահսկող սարքերը ֆիքսել էին կասկածյալներին, բայց դիմակները թույլ չէին տալիս պարզելու նրանց ինքնությունը: Հարձակվողների կազմավածքը հուշում էր, որ ավազակային հարձակումները նույն հանցավոր խմբի գործն է:

Միջոցառումները շարունակվեցին եւ վերջին դեպքից ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված տեղեկություններով պարզ դարձան ոչ միյան կասկածյալների ինքնությունը, այլեւ գտնվելու վայրերը:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ համագործակցելով, լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ ավազակային հաձակումները հնարավոր է կատարած լինեն չորս երիտասարդներ, որոնցից մեկը` Երեւանի, մյուս երեքը Գյումրիի բնակիչներ էին: Դեկտեմբերի 7-ին կասկածյալները հայտնաբերվեցին եւ բերման ենթարկվեցին ոստիկանության Կոտայքի բաժին:

Գյումրեցիները Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին էին բռնվել: Իսկ Երեւանի բնակիչը` Մայակովսկի գյուղում, որտեղ նրա թոշակառու տատն էր ապրում, եւ ըստ նախնական վարկածի` հենց ինքն էլ ուղորդել էր ընկերներին հարձակվել տատի տան վրա:

Կասկածյալները ձերբակալվել են: Նրանց բնակարանների, մեքենաների եւ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են օդամղիչ ատրճանակի նման մետաղական կառուցվածքով ատրճանակ, դիմակ, դանակ, կռփազենք, ձեռնոցներ, բջջային հեռախոսներ, փող, ժամացույց, լուսանկարող սարք եւ այլ իրեր, որոնք չեն բացառվում որ հափշտակված լինեն:

Հանագմանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ