News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դանիական ծագման ֆրանսիացի դերասանուհի Աննա Կարինան, որը լայն ճանաչում էր ձեռք բերել 1960-ական թվականներին, մահացել է քաղցկեղից 79 տարեկանում Փարիզում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ֆրանս Պրես գործակալությանը:

«Աննան կյանքից հեռացել է երեկ փարիզյան հիվանդանոցներից մեկում քաղցկեղի հետեւանքով»,-հայտնել է նրա գործակալ Լորան Բալանդրասը: Նա նշել է, որ դերասանուհու կողքին այդ պահին գտնվել է նրա ամուսինը՝ ամերիկացի ռեժիսոր Դենիս Բերին:

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեսթերն իր թվիթերյան էջում գրել է, որ Կարինան «հիպնոզացնում էր ամբողջ աշխարհը» եւ հավելել, որ այժմ ֆրանսիական կինոմատոգրաֆը «որբացել է՝ կորցնելով իր լեգենդներից մեկին»:

Աննա Կարինան (ծննդյան պահին Խաննա Կարին Բայեր) ծնվել է 1940 թվականին Դանիայում, որտեղ եւ սկսել իր կարիերան. նա երգել է կաբարեում, աշխատել որպես մոդել, նկարահանվել գովազդում եւ կարճամետրաժ ֆիլմերում: Կինը փախել է երկրից դեպի Փարիզ, երբ նա 17 տարեկան էր: Ֆրանսիայի մայրաքաղաքում նա ծանոթացել է Կոկո Շանելի հետ, որը եւ հորինել է նրա բեմական անունը՝ Աննա Կարինա:

Դերասանուհին ճանաչում է ձեռքբերել ֆրանսիական «Նոր ալիքի» ներկայացուցիչ եւ ֆրանսիական կինոմատոգրաֆում նոր կինոլեզվի հեղինակ, ռեժիսոր Ժան Լյուք Գոդարի ֆիլմերում նկարահանվելու շնորհիվ: Մասնավորապես, Քարինան մարմնավորել է դերեր «Փոքրիկ զինվոր» (1960), «Կինը մնում է կին» (1961), «Ապրել իր կյանքով» (1962), «Խենթ Պիերոն» (1965) եւ այլ ֆիլմերում: Դրանցից մի քանիսում նա մասնակցել է ֆրանսիական կինոմատոգրաֆի աստղ Ժան Պոլ Բելմոնդոյի հետ: Նա նաեւ նկարահանվել է իտալացի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի եւ ֆրանսիացի Ժակ Ռիվետայի կինոժապավեններում:

1961 թվականին Կարինան ամուսնացել է Գոդարի հետ՝ ապրելով նրա հետ մինչեւ 1967 թվականը: Այնուհետեւ դերասանուհին շարունակել է նկարահանվել ուրիշ ֆիլմերում, հեռուստասերիալներում եւ խաղալ թատրոնում: Նա նաեւ գրել է վեպեր եւ զբաղվել երգչուհու կարիերայով, ինչում նրան օգնել է կոմպոզիտոր եւ բանաստեղծ Սերժ Գենսբուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ