News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը առայժմ չի կարող ասել, թե Թուրքիայի իշխանությունները որքանով են լուրջ տրամադրված ամերիկացի զինվորականների համար Ինջիրլիք ավիաբազան փակելու հարցում: Նա այս մասին ասել է լրագրողներին՝ հավելելով, որ մտադիր է այս հարցը պարզել իր թուրք գործընկերոջ հետ զրույցում, փոխանցում է Reuters-ը: 

«Ինձ ավելի վաղ այդ մասին չեն զեկուցել»,- ասել է նա՝ նշելով, որ թուրքական իշխանությունների հայտարարությունների մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: «Այնպես որ, ես պետք է խոսեմ [Թուրքիայի] պաշտպանության գերատեսչությունից իմ գործընկերոջ հետ՝ հասկանալու համար, թե նրանք իրականում ինչ նկատի ունեն, ինչպես նաեւ՝ որքանով են լուրջ»,- հավելել է Էսփերը:

Նրա խոսքով՝ եթե Անկարան լուրջ է ասում ԱՄՆ-ի համար բազան փակելու մասին, ապա այդ հարցը պետք է քննարիկվի ՆԱՏՕ-ում: «Սկսենք նրանից, որ նրանք ինքնիշխան երկիր են, այնպես որ՝ իրենց մոտ ՆԱՏՕ-ի բազաներ եւ արտասահմանյան զորքեր տեղակայելու կամ չտեղակայելու անքակտելի իրավունք ունեն»,- ասել է նա:

«Եթե նրանք իսկապես լուրջ են խոսում, ապա դա առնչվում է ամբողջ դաշինքին, դաշինքի առջեւ ստանձնած պարտավորություններին»,- ընդգծել է Էսփերը:

«Կարծում եմ, որ այստեղ հարցը կրկին այն է, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի հանդեպ ինչ կուրսի է հետեւում»,- հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հաստատել էր, որ իր երկիրն ԱՄՆ-ի համար կարող է փակել Ինջիրլիք ավիաբազան, եթե Վաշինգտոնը որոշի Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանել: Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նույնպես խոսել էր Անկարայի պատրաստակամության մասին քննարկել ամերիկացի զինծառայողների համար Ինջիրլիքը փակելու հնարավորությունը, եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու պատճառով:

Միաժամանակ, Պենտագոնից Թուրքիայի նախագահի խոսքը մեկնաբանելիս ավելի վաղ հայտարարել էին, որ Միացյալ Նահանգները թուրքական ռազմաբազաները, որոնց թվում է Ինջիրլիք ավիաբազան, օգտագործում է միայն Անկարայի թույլտվությամբ:

Թուրքիայում առաջին անգամ չէ, որ խոսում են ամերիկացի զինվորականների համար Ինջիրլիք ավիաբազան փակելու հնարավորության մասին: Անկարայի նման հռետորաբանությունը սովորաբար առաջանում է Վաշինգտոնից սպառնալիքների լույսի ներքո, սակայն այդ ուղղությամբ բանը որեւիցե կոնկրետ քայլի առայժմ չի հասել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ