News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ես չէի կարող չխոսել, քանի որ քննարկվում է մի հարց, անդրադառնում պատմության այն էջին, որին ականատես եմ եղել նաեւ ես արցախյան ազատամարտի տարիներին: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «1990-ի հունվարի 13-19-ին Ադրբեջանի իշխանության իմացությամբ իրականացվեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության շարունակությունը, նույն ձեռագիրն էր, նույն գործելաոճը: Ես տեսել եմ Մարտակերտի նահանջ, Մարաղայի կոտորածից մազապուրծ եղածներին, շատ դաժանություններ, դժվարություններ: Երբ վիրավոր հիվանդանոցում էի, մի կնոջ էին բերել Մարաղայից: Նրա մազերը կապել էին մեքենայից, քարշ տվել, մաշվել, մնացել էին գրեթե ոսկորները: Բժիշկների ջանքերի շնորհիվ այդ կինը ողջ մնաց: Նման անմարդկային վերաբերմունքի էին արժանանում ոչ միայն կենդանի մարդիկ, այլեւ մեր նահատակված ընկերները»:

Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ գերիների, զոհերի դիակների փոխանակություն կազմակերպելիս դիակներն այն աստիճան հոշոտված էին լինում, որ անհնար էր լինում տարբերակել. «Այդ դաժանությունները մենք չենք կարող մոռանալ, սրա մասին պետք է իմանան բոլոր միջազգային ատյանները, քաղաքակիրթ մարդկությունը պետք է գնահատական տա կատարվածին եւ իր աջակցությունը հայտնի ցեղասպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի ելած հայ ժողովրդին:

Մենք իրավունք ունենք աշխարհից պահանջելու ոչ միայն դատապարտում, այլեւ նման դեպքերի կրկնության բացառմանն ուղղված գործուն քայլեր: Աշխարհն այսօր էլ կանգնած է էթնիկ, կրոնական եւ ազգային հողի վրա իրականացվող ցեղասպանությունների վտանգի առջեւ:

Չպետք է հույս ունենաք, որ ժամանակը կարող է փոխել ցեղասպաններին: Ապրիլյան քառօրյայի ժամանակ Թալիշում խաղաղ բնակիչների, զինվորների նկատմամբ ազերիների իրականացրած վայրագությունները եւս մեկ անգամ ապացուցեցին դա»,-ընդգծեց Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով, քանի դեռ աշխարհը չի կարողանում կանխել ցեղասպանության կրկնությունը, մեզ մնում է ապավինել սեփական ուժերին եւ միշտ պատրաստ լինել մեր նկատմամբ ցեղասպանության ցանկացած դրսեւորման վճռական հակահարված տալուն. «Դրա միակ երաշխիքը մեր միասնականությունն է: Հիշեք, որ դարավերջին վերահաս ցեղասպանությունից փրկվել ենք. Եւ ոչ միայն փրկվել ենք,  այլ ինքնապաշտպանվելով հաղթել ենք: Մեր միասնական հզոր պայքարի՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, կամավորական ջոկատներ կազմավորող հայոց բանակ, հայ ժողովրդի միասնական նվիրումի շնորհիվ:

Խոնարհվելով 30 տարի առաջ Բաքվում նահատակված մեր հայրենակիցների հիշատակի առջեւ, եկեք պարտավորվենք, որ մեր միասնականությամբ եւ բռունցքված կամքով այլեւս երբեք թույլ չենք տալում, որ մեր նկատմամբ որեւէ ցեռղասպանության փորձ ձեռնարկվի»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ