News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Չինաստանն օգուտ կստանա Միացյալ նահանգներից ներմուծման շնորհիվ, որը պետք է մեծանա ամերիկա-չինական առեւտրային համաձայնագրի առաջին փուլի պահանջներին համապատասխան: Այդ մասին կիրակի հայտարարել է Չինաստանի Զարգացման եւ բարեփոխումների պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մեն Վեյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանի համար շահավետ է ԱՄՆ-ից ներկրումը, քանի որ դա կնպաստի որակյալ ապրանքների եւ ծառայությունների համար մեր սպառողների պահանջարկի մեծացմանը,-մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է նա:-Միացյալ Նահանգները կարող են ապահովել Չինաստանին որակյալ էներգակիրներով, ինդուստրիալ մշակման, գյուղատնտեսական եւ բժշկական, ինչպես նաեւ ֆինանսական ոլորտի ապրանքներով»:

Մեն Վեյի խոսքով՝ Չինաստանը եւ ԱՄՆ-ը հրաշալի փոխլրացնում են միմյանց ինչպես մակրոտնտեսական կառուցվածքում, այնպես էլ աճի առանձնահատկությունների, ռեսուրսային բազայի առումով: «Միացյալ Նահանգների հետ առեւտրա-տնտեսական համագործակցության ակտիվացումը համապատասխանում է Չինաստանի որակյալ զարգացման պահանջներին եւ կարող է նպաստել մեր ներքին շուկայի մրցունակության բարձրացմանը, դրանում ներկայացված ապրանքների եւ ծառայությունների որակի աճին: Չինական ընկերությունները կշարունակեն մեծացնել ԱՄՆ-ից ներկրման ծավալները Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին եւ շուկայի սկզբունքներին համապատասխան»,-հավելել է Մեն Վեյը:

Առաջին փուլի համաձայնագիրը կնքելու արարողությունը կայացել է Վաշինգտոնում հունվարի 15-ին. փաստաթղթերը ստորագրել են Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լյու Խեն եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Համաձայն գործարքի պայմաններին՝ 2022 թվականին Չինաստանը պարտավորվում է ավելացնել ամերիկյան ապրանքների եւ ծառայությունների գնման ծավալները առնվազն 200 մլրդ դոլարով՝ ի տարբերություն 2017 թվականի: Ակնկալվում է, որ հետագայում Միացյալ Նահանգներից ներկրման ծավալները կշարունակեն ավելանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել