News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնի համար մրցում էր նաև մորաքույրս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Հովանավորչությու՞ն

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն ընտրվեց իմ ընկեր Վիլեն Գաբրիելյանը, որը, ինչքան գիտեմ, ունի մի քանի տարվա դեղագործական փորձ հեռավոր գյուղում, երբեք չի զբաղվել դեղագործական քաղաքականությամբ, չունի գիտական աստիճան:

Նույն տեղի համար մրցում էր մորաքույրս՝ Իրինա Ղազարյանը, ով՝

1992-ին մասնակցել է այդ կենտրոնի հիմնադրմանը և 4 տարի եղել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի տեղակալը,

Հիմնել և 18 տարի ղեկավարել է Առողջապահության ազգային ինստիտուտի Դեղագործության ամբիոնը,

Հեղինակել է 22 զեկույց 11 միջազգային գիտաժողովում և 130 տպագրված գիտական աշխատանք,

Դեղագործական գիտությունների թեկնածու է (Ռուսաստան),

Դեղագործական ծառայությունների և դեղերի հսկողության մագիստրոսի կոչում է ստացել Բրադֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա),

Առողջապահական քաղաքականության և մենեջմենթի մագիստրոսի կոչում է ստացել Հարավային Մեյնի համալսարանում (ԱՄՆ),

Եղել է ԱՄՆ կառավարության «Ֆուլբրայթ» կրթաթոշակի դափնեկիր,

2 անգամ եղել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ժամանակավոր փորձագետ,

Դասավանդում է Հերացու անվան Բժշկական համալսարանում և եղել է երկու թեկնածուական թեզերի գիտական ղեկավար,

Թրեյնինգներն ու տարբեր երկրներում ոլորտի կարգավորման փորձի փոխանակումները հաշվել չի լինի, իսկ բարեխղճությունը երբեք որևէ մեկի կողմից կասկածի տակ չի դրվել:

Թե Իրինա Ղազարյանը, թե Վիլեն Գաբրիելյանը հաղթահարեցին հանձնաժողովի փուլը, բայց իմ մեկ այլ հին ընկեր Արսեն Թորոսյանի ընտրությունը կանգնեց ՔՊ վարչության անդամի վրա՝ ի հեճուկս պրոֆեսիոնալիզմի ու փորձի ակնհայտ տարբերության:

Հույս ունեմ, որ նախարար Թորոսյանը հանրությանը (ինձ չէ, ես գիտեմ) կբացատրի, թե ինչո՞վ է պայմանավորված իր այս որոշումը և արդյո՞ք դա իր սուվերեն որոշումն է:

Հ.Գ. Ճիշտն ասած, քանի որ Ղազարյան Իրինան մորաքույրս է, մտածում էի չգրեմ: Բայց որ չգրեի, դա էլ կլիներ կոռուպցիայի քողարկում, ինչին ես պատրաստ չեմ: Կներեք, մեղավոր չեմ, որ մորաքույրս է»-նշել է նա:

Տպել
Ամենաշատ