News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Սահմանադրական դատարանն օրերս անվավեր ճանաչեց «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի այն կետը, որն արգելում էր ոստիկանության աշխատակցին լինել որեւէ կրոնական կազմակերպության անդամ։

«Կրոնի եւ իրավունքի կենտրոն» ՀԿ-ի իրավախորհրդատու, փաստաբան Հասմիկ Հովսեփյանն այս առնչությամբ նշել է, որ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ օրենքի տվյալ կարգավորումը հակասում է ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածին (Մտքի, խղճի եւ կրոնի ազատությունը) եւ 45-րդ հոդվածին (Միավորումների ազատությունը)։

Ըստ էության, սա առաջին փորձն է անվավեր ճանաչելու ուժային կառույցներին վերաբերող օրենքներում տեղ գտած այն խտրական նորմերը, որոնք, ժառանգված լինելով դեռեւս խորհրդային շրջանից, սահմանափակում են անձի սահմանադրական իրավունքները, տվյալ պարագայում՝ խղճի եւ դավանանքի ազատությունը։ Մեր Կենտրոնի ուսումնասիրության համաձայն՝ մինչ օրս ոստիկանության այն ծառայողները, որոնք հարել են այս կամ այն եկեղեցուն կամ կրոնական միավորմանը, հարկադրված են եղել թաքցնել իրենց եկեղեցական պատկանելությունը՝ հեռացման վտանգի առջեւ չկանգնելու համար։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 17 տարի համակարգում ծառայելուց հետո 2018թ․ հոկտեմբերին աշխատանքից հեռացվեց ոստիկանության մի ծառայող, որն ավետարանական հավատքի քրիստոնյա է։ Որոշման հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ տվյալ ոստիկանը կրոնական կազմակերպության անդամ է։ «Կրոնի եւ իրավունքի կենտրոն»-ը, համոզված լինելով, որ կոպտագույն կերպով ոտնահարվել են ՀՀ քաղաքացու իրավունքները, ստանձնեց նրա շահերի պաշտպանությունը՝ ապահովելով դատական ներկայացուցչություն։

ՀՀ Վարչական դատարանը գործի քննության ընթացքում նպատակահարմար գտավ դիմել Բարձր դատարանին՝ որոշելու ոստիկանության ծառայողի կրոնական կազմակերպության անդամ լինելու արգելքի մասով օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչեց ոստիկանության ծառայողի համար ինքնին որեւէ կրոնական կազմակերպությանն անդամակցելու եւ անդամակցության համար վարքագծի կոնկրետ դրսեւորումներով չպայմանավորված բացարձակ արգելքի սահմանումը։

Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները՝ անկախ այն հանգամանքից, թե որ եկեղեցուն են հարում կամ կրոնական կազմակերպության անդամ են, թե ոչ, կարող են ազատորեն ծառայել ոստիկանությունում։ Միեւնույն ժամանակ, ուժային կառույցի ծառայողն իրավունք չունի իր պաշտոնեական դիրքն օգտագործելու կրոնական միավորումների շահերի համար եւ իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս իրականացնելու կրոնական գործունեություն։ Սա այն ողջամիտ հավասարակշռումն է, որը մի կողմից թույլ չի տալիս ոտնահարել ոստիկանության ծառայողի խղճի եւ դավանանքի ազատությունը, մյուս կողմից՝ մղում է նրան բարեխղճության դաշտ՝ իր պաշտոնեական դիրքը հօգուտ կրոնական քարոզչության չծառայեցնելու համար։

Տպել
Ամենաշատ