News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 07
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Ատելության քարոզչությունը Հայաստանում քրեորեն պատժելի կդառնա: Այս մասին այսօր` փետրվարի 27-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Ըստ օրենսդրական փաթեթի` սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական ծագման, գենետիկական բնութագրերի, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, այս կամ այն ազգային փոքրամասնությանը պատկանելության, սեփականության կարգավիճակի, ծննդյան, հաշմանդամության, տարիքի կամ սոցիալական կամ անձնական այլ բնութագրերի հիմքով անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության կիրառման հրապարակային կոչերը կհետապնդվեն քրեական կարգով:

Բացի այդ, նման պահվածքի հրապարակային արդարացումը նույնպես հետեւանքներ կունենա: Այս դեպքում քաղաքացին կամ այն անձինք, ովքեր հանդես են եկել բռնության հրապարակային կոչերով, պատժվելու են տուգանքով` 50 կամ 100 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով:

Իսկ եթե այդ գործողությունները կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ, կամ կազմակերպված խմբի կողմից, կամ պաշտոնական դիրքի չարաշահմամբ, որպես պատիժ կկիրառվի տուգանք՝ 100-300 հազար դրամի չափով, կամ կալանք` 1-ից 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` 1-ից 3 տարի ժամկետով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ:

Նշենք, որ համապատասխան խորհրդարանական հանձնաժողովում բուռն քննարկումներ են տեղի ունեցել այս օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հարցրել էր, թե ինչ է լինելու այն ծնողների հետ, ովքեր, օրինակ, կորցրել են իրենց անչափահաս երեխային, որը մարդասպանի զոհ է դարձել:

«Պատկերացրեք, որ դատավարություն է ընթանում, այս խեղճ, դժբախտ մարդիկ գտնվում են դատարանի դահլիճում, եւ մայրը չի դիմանում եւ ծայրահեղ հուզված վիճակում սպառնում է իր երեխայի մարդասպանին: Արդյո՞ք սա հանրային սպառնալիք է: Ի՞նչ կլինի նրա հետ այդ ժամանակ: Արդյո՞ք մենք նրան պետք է հանցագործ համարենք»,- հարցրել է խորհրդարանականը: Կառավարության ներկայացուցիչը մի փոքր վարանել է եւ չի չկարողացել կոնկրետ պատասխան տալ այդ հարցին` պարզապես փորձելով խուսափել պատասխանից:

Այդ օրենսդրական նախաձեռնությանն աջակցել են նույնիսկ «Իմ քայլը» իշխող դաշինքի որոշ պատգամավորներ, որոնք նույնպես բազմաթիվ հարցեր ու մեկնաբանություններ ունեին արդարադատության փոխնախարարին: Մասնավորապես, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ հայկական ժողովրդական երգերում եւ անգամ փոփ երաժշտության մեջ կան «Արարատը վերադարձնելու» եւ թշնամիներին պատժելու կոչեր, եւ հարց է տվել. «Ինչ անել դրա՞ հետ»:

Քննարկումների ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ` ատելության քարոզչություն է արդյոք «ասֆալտին փռել», «պատին ծեփել», «թաթերը կտրել» սպառնալիքները, որոնք պարբերաբար հնչում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ի վերջո, բավականին երկար քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը, որքանով որ տարօրինակ չէ, դրական եզրակացություն տվեց այս օրինագծին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ