News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցումը ՀՀ կառավարության երկարաժամկետ նպատակների թվում է, քանի որ այդ նպատակով բյուջետային միջոցներ չեն տրամադրվում: Այս մասին «Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ատոմային էներգետիկայի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Ալեքյանը:

Նրա խոսքով՝ այս պահին մշակվել եւ կառավարությանն է ներկայացվել մինչեւ 2040 թվականը Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարությունը, որում ատոմային էներգետիկայի ոլորտի զարգացումը դիտարկվում է որպես առաջնահերթ ուղղություն: Խոսելով այդ ոլորտի կարեւորության մասին՝ Ալեքյանը նշեց, որ ԱԷԿ-ի առկայությունը Հայաստանին թույլ է տալիս նվազեցնել կապակցված ռիսկերը, ինչպես նաեւ ցածր մակարդակի վրա պահել ջերմային արտանետումները: Նա նշեց, որ այժմ ԱԷԿ-ի արդիականացման մաստշաբային աշխատանքներ են իրականացվում, որոնք ծրագրվում է ավարտին հասցնել 2022 թվականին:    

«2026 թվականից հետո, եթե հետազոտությունները հաստատեն շահագործման հետագա անվտանգության հնարավորությունը, ապա կառավարությունը ծրագրում է շարունակել շահագործումը մինչեւ 2036 թվականը»,- հայտարարեց նա:

«Նոր էներգաբլոկի կառուցումը կառավարության նպատակներից մեկն է: Հաշվի առնելով այն, որ Հայաստանը չունի գազ եւ նավթ, էներգետիկ անվտանգության եւ անկախության պատշաճ մակարդակ ապահովելու շահերից ելնելով՝ մենք անհրաժեշտ ենք համարում նոր էներգաբլոկի ստեղծումը»,- հավելեց Ալեքյանը:

Պատասխանելով քննարկման մասնակիցների հարցերին՝ նա տեղեկացրեց, որ մոտակա հեռանկարում բյուջեից միջոցներ չեն տրամադրվի կառուցման համար: Ալեքյանը տեղեկացրեց, որ այժմ կառավարությունն ուսումնասիրում է միջուկային ռեակտորների ոլորտում զարգացումը՝ հասկանալու համար, թե ինչ տեսակի էներգաբլոկ պետք է կառուցվի:

ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ հայկական կողմն այդ հարցի նկատմամբ որոշակի հետաքրքրվածություն է ցուցաբերում: «Նման քննարկումներ են ընթանում, սակայն դրանք կոնկրետ չեն: Այսինքն՝ խոսքը կոնկրետ էներգաբլոկի կամ կայանի մասին չէ: Խոսքը դեռ սկզբունքների մասին է»,- հայտարարեց նա:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ