News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հայաստանի խորհրդարանի պատգամավորները պետք է գոնե երկու շաբաթ մասնակցեն պահեստազորայինների մոբիլիզացման գործընթացին: Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, իր գործընկերներին առաջարկեց հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: «Պատգամավորները պետք է հասկանան եւ զգան զինվորների խնդիրները: Նրանց պետք է թույլատրվի համապատասխան գաղափարային աշխատանքներ տանել: Իհարկե, դա պետք է թույլատրվի եւ համաձայնեցվի Պաշտպանության նախարարության հետ այս հարցի համատեղ քննարկմանը»,- ասաց Բագրատյանը:

Իր հերթին, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ պաշտպանության նախարարությունը համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ չի կարող հանդես գալ, քանի որ պատգամավորների մեջ կան մարդիկ, ովքեր առողջական պատճառներից ելնելով չեն զորակոչվել զինվորական ծառայության եւ, տրամաբանորեն, պահեստազորայիններ չեն: Բացի այդ, սա, ինչպես նշեց փոխնախարարը, հակասում է երկրի հիմնական օրենքին:

Նշենք, որ ներկայացված օրենսդրական փաթեթով առաջարկում է ավելացնել պահեստազորայինների համար տուգանքը` ՀՀ ՊՆ-ի կողմից կազմակերպվող զորավարժություններին եւ հավաքներին առանց հարգելի պատճառի մասնակցելուց հրաժարվելու համար: Եթե պահեստազորայինն իր զինկոմիսարիատից ծանուցում է ստացել այն մասին, որ պարտավոր է ներկայանալ ռազմական զորավարժություններին կամ ուսումնամարզական հավաքներին, սակայն չի կատարել նշված պահանջը` առանց որեւէ հիմնավոր պատճառի, ապա նրա նկատմամբ տուգանք է կիրառվում՝ օրենքով սահմանված կարգով` նախկին 20 հազար դրամի փոխարեն 30 հազար դրամի չափով:
Եթե մեկ տարվա ընթացքում պահեստազորայինը երկու անգամ հրաժարվում է կատարել զինկոմիսարիատի պահանջը, ապա տուգանքը կավելանա մինչեւ 50 հազար դրամ: Բացի այդ, օրենսդրական այս փաթեթը պարզաբանում է, թե ինչը կարող է հարգելի պատճառ լինել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ