News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ճիշտ է նշել, որ, ցավոք, այդ կորսված ժամանակների մի հատվածում նաեւ Երկրապահ կամավորականների միության դերի եւ նշանակության մասին եղել են ոչ միանշանակ դիրքորոշումներ եւ մոտեցումներ: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Երկրապահ կամավորականների միությունում սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ միանշանակ կիսում է այն տեսակետը, որ ԵԿՄ-ն չպետք է ինքնին դառնա քաղաքական կողմ եւ քաղաքականության մաս, որովհետեւ ազատամարտը, որը մեր ժամանակակից պատմության անառարկելի եւ անքննելի արժեքն է, չի կարող սեփականվել որեւէ քաղաքական ուժի՝ առավել եւս որեւէ քաղաքական իշխանության կողմից, որովհետեւ դա համաժողովրդական ձեռքբերում է, համաժողովրդական հարստություն, եւ այդ հարստությամբ, համաժողովրդական հպարտությամբ հպարտանալու հնարավորություն պիտի ունենա Հայաստանի Հանրապետության, Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, եւ ընդհանրապես, յուրաքանչյուր հայ:

«Բայց այստեղ ծագում է երկրորդ հարցը՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Երկրապահ կամավորականների միության դերն ու դերակատարումն ընթացիկ ժամանակաշրջանում: Կարծում եմ, որ այդ դերը պետք է լինի մեր ժողովրդի եւ Զինված ուժերի հաղթական ոգու պահպանումը եւ զարգացումը: Ընդհանրապես, վերջերս մի խոսակցության ժամանակ մի բարձրաստիճան զինվորական այսպիսի մի միտք արտահայտեց, որը շատ տպավորվել է եւ ուզում եմ այդ միտքը կիսել ձեզ հետ: Նա ասում է, որ կանոնավոր բանակը պատերազմներ չի հաղթում, կանոնավոր բանակն իր վրա վերցնում է առաջին հարվածը եւ դիմակայում է առաջին հարվածից: Որեւէ պատերազմի հետագա գործողությունները, ընթացքը կախված է նրանից, թե ինչպես է դրսեւորում իրեն թիկունքը, ռեզերվը: Կարծում եմ, որ Երկրապահ կամավորականների միությունը որպես կառույց պետք է դառնա մեր Զինված ուժերի ամենաօպերատիվ ռեզերվը, եւ ընդ որում, օպերատիվ ռեզերվ ասելով՝ ես կրկին նկատի ունեմ ոչ միայն ֆիզիկական արտահայտությունը, այլ ավելի շատ նկատի ունեմ բովանդակային, հոգեւոր արտահայտությունը, որովհետեւ Երկրապահ կամավորական միությունն այն կազմակերպությունն է, որն իր մեջ կրում է մեր հաղթանակի ոգին: Երկրապահ կամավորական միությունը պետք է լինի մեր հաղթանակների պահապանը եւ ռեզերվը ու որ պահին պետք լինի՝ այդ հաղթանակի ոգին հաղորդի մեր բանակին, Զինված ուժերին: Ահա սա պետք է դառնա Երկրապահ կամավորականների միության թիվ մեկ անելիքը»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա մի անելիք է, որը կապված է ոչ թե որեւէ կոնկրետ քաղաքական  ուժի կամ իշխանության օրակարգի հետ, այլ որը կապված է պետության, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, եւ ընդհանրապես, հայ ժողովրդի անվտանգային եւ զարգացման օրակարգի հետ:

«Այդ հաղթանակի ոգին, եւ ընդհանրապես, հաղթանակը, ի՞նչպես պետք է մեր ամենօրյա կյանքում կիրառվի եւ օգտագործվի: Ես արդեն ասացի, որ հաղթանակը չի կարող սեփականվել որեւէ  քաղաքական ուժի, իշխանության կողմից: Չնայած եկեք արձանագրենք, դա էլ պետք չէ հերքել, այո՛, մենք ունեցել ենք մարդիկ, կոնկրետ անհատներ, ջոկատներ, կազմակերպություններ, որոնց ներդրումը հաղթանակի գործում շատ մեծ է, եւ այդ ներդրումը նույնպես չպետք է ուրանալ, դա պետք է գնահատել: Մինչեւ հիմա բավականին գնահատվել է, բայց պետք է նաեւ եթե կան չգնահատված հատվածներ, այդ գնահատականը նույնպես պետք է տալ: Բայց ուրիշ բան է ճանաչել այդ մարդկանց, խմբերի, կազմակերպությունների դերակատարումը հաղթանակում, հաղթանակի գործում եւ ուրիշ բան է խոսել հաղթանակի սեփականատիրոջ մասին, որովհետեւ հաղթանակը չի կարող սեփականաշնորհվել ընդհուպ կազմակերպությունների կողմից, ընդհուպ անհատների կողմից, ընդհուպ խմբերի կողմից, ընդհուպ ջոկատների կողմից, ընդհուպ կներեք ասեմ, ազատամարտիկների կողմից, որովհետեւ հաղթանակի արժեքը հենց դրա մեջ է, ազատամարտիկի մեծությունը հենց դրա մեջ է, որ ինքը հաղթանակն իր անձի, ընտանիքի, ընկերական շրջապատի համար չի տարել: Այդ  հաղթանակն ինքը տարել է իր ժողովրդի համար, իր ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ սա է ազատամարտիկ հասկացության, կոչման մեծությունը:

Վարչապետն ընդգծել է, որ այդ հաղթանակը չի տարվել նրա համար, որ ուրիշներին անընդհատ ի ցույց դրվի: Հաղթանակը տարվել է նրա համար, որ այսօր յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա արժանապատիվ, պաշտպանված՝ որպես հպարտ երկրի հպարտ քաղաքացի, որի իրավունքները եւ հնարավորությունները ոչ միայն պաշտպանված են, այլեւ երաշխավորված:

«Մյուս կողմից հանրությունը, ազատամարտիկը պետք է տեսնի, որ ինքը գնահատված է,  իր աշխատանքը գնահատված է, իր հաղթանակը չի ուրացվում: Եվ սա մի գործընթաց է, մի բովանդակություն է, որը թվում է ակնհայտ: Բայց ցավով պետք է արձանագրենք, որ այդ բովանդակությունն իրականացնելու ճանապարհին էլ, մենք մինչեւ վերջ չենք գնացել՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, երբեմն ժամանակ չի եղել, երբեմն ժամանակներն են այլ եղել, երբեմն գիտակցումը չի եղել այդ օրակարգի, բայց սա Երկրապահ կամավորականների միության նոր ժամանակներում գործունեության հիմնական անելիքն է:

Երկրապահ կամավորականների միությունն, իհարկե, միակ կազմակերպությունը չի եղել, որ ներդրում ունի այս հաղթանակի մեջ, բայց ակնհայտ է, որ ԵԿՄ-ն ակնհայտորեն ամենամեծ ներդրումներից ունեցող կառույցն է մեր փառահեղ հաղթանակի գործում:

Երկրապահ կամավորականների միության նոր ժամանակների գործունեության առանցքային իմաստը պետք է լինի, որ այդ հաղթանակի սեփականատեր դարձնի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, նույնիսկ այն քաղաքացիներին, ովքեր չեն էլ տեսել այդ պատերազմը, ծնվել են այդ պատերազմից հետո: Այսօր այդ մարդիկ՝ 2000 թվականին ծնված, 98 թվականին ծնված, 96 եւ հետագա, 2015 թվականին ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայը պետք է զգա այն, ինչ դուք զգացել եք ռազմի դաշտում՝ հաղթանակները կերտելով: Եվ սա է, իմ համոզմամբ, Երկրապահ կամավորականների միության նոր առաքելությունը նոր ժամանակներում եւ որպես մի առաքելություն, որն ունի ոչ թե մի քանի տարվա, մի քանի օրվա, այլ տասնամյակների, հարյուրամյակների եւ նույնիսկ հազարամյակների նշանակություն: Ես ուզում եմ, որ մենք պայմանավորվենք սրա շուրջ, որ հաղթանակի ոգին ոչ միայն պահելը, պահպանելը, այլեւ այդ հաղթանակի ոգին յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի սեփականությունը դարձնելը, այդ ոգին նրան ներարկելը եւ ներշնչելը պետք է դառնա Երկրապահ կամավորականների միության եւ կառավարության եւ Երկրապահ կամավորականների միության համագործակցության հիմնական անելիքը: Եվ ես ուրախ եմ, որ մենք փոխադարձաբար պատրաստ ենք հստակ, անմնացորդ նվիրվել այդ անելիքին եւ արդյունավետ կերպով իրացնել այդ անելիքը:

Եվ ուրեմն՝

կեցցե՛ ազատությունը,

կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

կեցցե՛ Երկրապահ կամավորականների միությունը,

կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ