News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մարտի 6-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել «Հանրակրթության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Քվեարկության ընթացքում օրենսդրական այս նախաձեռնությանը կողմ է քվեարկել 116 խորհրդարանական:

Ինչպես նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացված փաստաթուղթը կրթության համակարգի բարեփոխման ծրագրի մի մասն է: Այս նպատակներով նախատեսվում է հեռակա կրթության համակարգ ներդնել:

Այսօր Հայաստանի հանրակրթական համակարգում մի շարք խնդիրներ կան, այդ թվում` չհամալրված դասարանների, գյուղական դպրոցների, որտեղ տարբեր դասարանների աշակերտներ միասին են ուսանում: Նախարարը նշել է նաեւ մասնագիտական կադրերի պակասը, որոշ գյուղերից դպրոցների հեռավորությունը, ինչը հաճախության հետ կապված խնդիրների է հանգեցնում:

Ներկայումս հանրապետությունում դպրոցներն ուսուցիչների պակաս ունեն: Խոսքը մոտ հազար ուսուցչի մասին է: Հեռակա ուսուցման համակարգը կլուծի այս խնդիրը: Այդ նպատակների համար հեռակա ուսուցման կենտրոն է ստեղծվել, որի միջոցով հանրապետության ուսումնական հաստատությունները կկարողանան պայմանագիր կնքել, որի շրջանակներում եւ կանցկացվեն դասընթացներ: Այն կտարածվի նաեւ սփյուռքի ներկայացուցիչների վրա:

Մեկ այլ նորամուծություն վերաբերում է կրեդիտային կրթության համակարգի ներդրմանը, որը կտարածվի 10-12-րդ դասարանների աշակերտների վրա եւ որը տարբեր առարկաներից ստացած գիտելիքների կրեդիտային գնահատում է նախատեսում: Կփոխվեն նաեւ մոտեցումները դպրոցների տնօրենների ընտրության հարցում: Նրանք, մասնավորապես, պարտավորվում են քննություններ հանձնել եւ համապատասխան արտոնագիր ստանալ: Դրանից հետո դպրոցների տնօրենների թեկնածուները ստիպված կլինեն հարցազրույց անցնել այդ նպատակով ստեղծված Ուսուցիչների խորհրդում, ընդ որում, հարցազրույցը կանցկացվի ոչ թե ներկայացված հարցերով, այլ հավավակնորդների` զարգացման ծրագրերի վերաբերյալ տեսլականների հիման վրա:

Նախատեսվում է նաեւ Աշակերտների խորհուրդներ ստեղծել, որոնք կկարողանան մասնակցել դպրոցների տնօրենի պաշտոնը զբաղեցնելու մրցույթներին, իհարկե` դեռ միայն խորհրդատվական ձայնով: Նախատեսվում է նաեւ կրթության էլիտար համակարգ ներդնել, որը կիրականացվի երեք փուլով: Փաստաթղթում ներկայացված են նաեւ դպրոցների ֆինանսավորման սկզբունքներն ու մեթոդաբանությունը, որոնք հաստատվում եւ իրականացվում են կառավարության կողմից: Իսկ նախարարությունը հաստատելու է ուսումնական ծրագրերը, հեռակա կրթության համակարգը, կրեդիտային կրթության համակարգը, էթիկայի չափանիշները և այլ ծրագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ