
Հասարակական կազմակերպությունները հնարավորություն կունենան կամավոր հիմունքներով տեղեկատվություն տրամադրել Պետեկամուտների կոմիտեին (ՊԵԿ) իրենց գտնվելու վայրի մասին, մասնավորապես` հասցեն: Այս մասին մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Այս օրենսդրական նախաձեռնության էությունը, ըստ Անանյանի, հանրապետությունում գործող ՀԿ-ների մասին տեղեկատվության ընդլայնումն է: Անանյանը, մասնավորապես, հայտնեց, որ այդ տեղեկությունների կամավոր փոխանցման գաղափարն առաջարկել է «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Մարիա Կարապետյանը:
ՀԿ-ները պարտավոր են նաեւ տվյալներ տրամադրել իրենց մոտ շաբաթական առնվազն 20 ժամ աշխատած կամավորների մասին, որոնք հաշվետու ժամանակաշրջանում եղել են կամ դեռ գտնվում են ՀԿ-ի հետ պայմանագրային աշխատանքային հարաբերությունների մեջ:
Հիշեցնենք, որ այս օրինագծում հստակեցվում են նաեւ զեկույցում նշված տեղեկատվության նկատմամբ պահանջները: Այդպես, հանրային գումարներ ստացող ՀԿ-ները պետք է ոչ միայն հրապարակեն այն ծրագրերը, որոնց շրջանակներում նրանք ստանում են այդ ֆինանսավորումը, այլեւ նշեն ֆինանսավորման աղբյուրները: Մնացած ՀԿ-ները իրավասու մարմնին` ՊԵԿ-ին, տեղեկատվություն կներկայացնեն այն ծրագրերի վերաբերյալ, որոնց հիման վրա ստացվել են ֆինանսական եւ գույքային միջոցները` առանց դրանց ֆինանսավորման աղբյուրները նշելու: