News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ:

Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է զինծառայողներին եւ օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն ապակենտրոնացնելու եւ անմիջականորեն զինծառայողի ծառայության վայրի զորամասի կողմից գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ:

Ինչի՞ մասին է խոսքը: Կառավարության 2018թ.-ի նոյեմբերի 23-ի N 1321-Ն որոշման համաձայն՝ զինծառայողներին եւ օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման տրամադրումն իրականացվում է այդ նպատակով ստեղծված բնակարանային հանձնաժողովի կողմից, որն անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով կայացնում է եզրակացություն, որի հիման վրա պետական լիազոր մարմնի կողմից կայացվում է վարչական ակտ (հրաման): Նշված գործընթացն իրականացվում է զորամասի հրամանատարին ուղղված շահառուի դիմումի ներկայացված փաստաթղթերի հիման վրա, որոնք զորամասի կողմից այնուհետեւ ուղարկվում են հանձնաժողովի աշխատանքային մարմին՝ պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանում, որն էլ ստացված դիմումների հիման վրա երկամսյա ժամկետում կազմակերպում է հանձնաժողովի նիստի անցկացումը: 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս գործընթացը փաստացի բավականին ժամանակատար է, փորձը ցույց է տվել, որ շահառուի դիմումից մինչեւ համապատասխան որոշման ընդունումն օբյեկտիվորեն տեւում է միջինը երեք ամիս, իրականացվում է անհարկի մեծ փաստաթղթաշրջանառություն՝ հաշվի առնելով զորամասերի տեղակայումները, շահառուն ստիպված է լինում մի քանի ամիս իր միջոցների հաշվին վճարել բնակվարձը, ինչն էլ հանգեցնում է զինծառայողների շրջանում արդարացի դժգոհությունների: Այս առումով գործընթացի իրականացման տեղայնացումը հնարավորություն կընձեռի բավականին կրճատել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացման ժամանակահատվածը եւ փաստաթղթաշրջանառության ծավալները:

Նախարարությունն ընդգծում է՝ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական եւ զինծառայողների շահերից բխող գործընթացը:

Այսպիսով՝ որոշման նախագծի համաձայն ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացումը վերապահվում է զորամասի հրամանատարին, կրճատվում է փոխհատուցում ստանալու համար զինծառայողի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հստակեցվում են փոխհատուցման հաշվարկման փաստաթղթավորման ընթացակարգը եւ ժամկետները, փոխհատուցման վճարման շարունակման եւ դադարման պայմանները:

Միեւնույն ժամանակ պաշտպանության նախարարությունը նշում է, որ այս նախագծի ընդունման պարագայում այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա, դրա ընդունումը 2020թ.-ի եւ հետագա տարիների պետական բյուջեներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել