News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ինչի՞ց են բողոքում ընդդիմադիրները, անհասկանալի է, մենք օրենքով վերապահված մեր իրավունքն ենք իրացնում: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխությունների օրակարգով արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով, որ ԱԺ-ն այսօր երկրորդ անգամ արտահերթ նիստ է հրավիրել:

Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նա ասաց. «Այստեղից եկավ, ասաց՝ դեմ ենք քվեարկելու, գնաց, նստեց, հաշվեց, տեսավ, որ քիչ են, մտածեց՝ կարելի է սենց անել: Դե եթե դուք տենց շուստրի եք, լավ շուստրիություն եք կարողանում անել, մենք ժողովրդի մասին մտածելով՝ օրինագիծը բերել ենք անցկացնելու»,-ասաց նա եւ նշեց, որ իրենք հասկանում են, որ այս պարագայում այն պետք է անցնի:

«Մենք ձեր նման շուստրիություն չենք անում, քաղաքական դիվիդենտներ հավաքում պահի ազդեցության տակ, այլ երկարաժամկետ կտրվածքով մտածում ենք: Ֆեյսբուքում գոռալ, ճչալը ձեզ չի օգնելու այս հարցում, քանի որ այս այն հարցն է, որ պետք է միասնականություն անել»,-ասաց նա եւ նշեց, որ ամբողջ աշխարհում միասնականության կոչ, քարոզ կա․ «Էստեղ ինչ-որ իշխանությունից տոկոս են հաշվում: Թող սաղ տոկոսները ձեզ լինի, թող հայ ժողովուրդը առողջ լինի»,-հավելեց նա:

Նշենք, որ Կառավարությունը նորից է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթն է, որն այսօր մեկ անգամ արդեն տապալվել է: Այս նիստինմասնակցում է միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Նախագիծը սահմանում է, որ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր՝ երկրորդ ընթերցմամբ  այն չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» այդ պահին ներկա պատգամավորները 65-ից ավելի չէին:

Տպել
Ամենաշատ