News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավելի ու ավելի շատ եվրոպական քաղաքական գործիչներ են մտածում Հունգարիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին` կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի չարաշահման հետ կապված:

Այդպես, Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը գերմանական Welt թերթին տված հարցազրույցում,  որը հրապարակվել է չորեքշաբթի օրը` ապրիլի 1-ին, հայտարարել է, որ եվրոպացիները չպետք է համակերպվեն այն բանի հետ, որ ԵՄ-ի ներսում «բռնապետական ​​կառավարություն» կա, եւ կոչ է արել «քաղաքական կարանտին» ուղարկել Հունգարիային, հայտնում է DW-ն:

Մարտի 30-ին Հունգարիայի խորհրդարանը հաստատեց օրինագիծը, համաձայն որի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունն ընդլայնված լիազորություններ է ստանում կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ մարտի 11-ին հայտարարված արտակարգ դրության ընթացքում:

Նոր օրենքի համաձայն` Հունգարիայի վարչապետ եւ «ՖԻԴԵՍ - Հունգարիայի քաղաքացիական միություն» իշխող ազգայնական կուսակցության ղեկավար Վիկտոր Օրբանը գործնականում միանձնյա կերպով ղեկավարելու է երկիրը հրամանների եւ հրամանագրերի օգնությամբ, իսկ կառավարությունը կկարողանա երկարաձգել արտակարգ դրությունն անորոշ ժամկետով` առանց խորհրդարանում քվեարկության: Օրենքը նախարարների կաբինետին թույլ է տալիս նաեւ կասեցնել որոշակի օրենքների իրականացումը եւ «այլ բացառիկ միջոցներ» կիրառել COVID-19-ի դեմ պայքարի  նպատակով:

Ըստ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ասելբորնի` նման իրավիճակում «Հունգարիայի կառավարությանը այլեւս չի կարելի թույլ տալ նստել սեղանի շուրջ, ուր հավաքվում են եվրոպական ինստիտուտների ներկայացուցիչները»: Այս կապակցությամբ քաղաքական գործիչը կոչ է արել հանել Հունգարիայի ներկայացուցիչներին ԵՄ անդամ երկրների նախարարների խորհուրդներից:

Իր հերթին, Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության եվրոպացի պատգամավոր Դենիս Ռադտկեն պահանջում է բացառել Օրբանի ղեկավարած «ՖԻԴԵՍ - Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցությունը Եվրախորհրդարանի ամենախոշոր պահպանողական խմբակցությունից` Եվրոպական ժողովրդական կուսակցությունից (EVP): Ըստ Ռադտկեի, ինչ վերաբերում է օրենքին եւ ժողովրդավարությանը հավատարիմ մնալուն, ապա «չի կարելի զեղչեր անել կուսակցական ընկերներին»:

Հունգարիայում արտակարգ դրությունը քննադատող մեկ այլ քաղաքական գործիչը Եվրախորհրդարանի նախագահ Դեվիդ Սասոլին է: «Ոչ ոք իրավունք չունի համաճարակն օգտագործել մեր ազատությունները ոտնահարելու համար»,- մարտի 31-ին Բրյուսելում հայտարարել է իտալացի քաղաքական գործիչը: «ԵՄ անդամ բոլոր երկրները պարտավոր են պաշտպանել Եվրամիության հիմնական արժեքները: Խորհրդարանները պետք է մնան բաց, իսկ մամուլը` ազատ»,- հավելել է նա:

Ինչ վերաբերում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, ապա նա փորձել է խուսափել Հունգարիայի հետ ուղիղ դիմակայությունից` կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության կապակցությամբ պետության կողմից ստացած հատուկ լիազորությունների օրինականության հարցում: Մարտի 31-ին ֆոն դեր Լյայենը ընդգծել էր համաճարակի հետ կապված ԵՄ անդամ երկրների կողմից ձեռնարկվող արտակարգ միջոցառումների համաչափության կարեւորությունը, սակայն կոնկրետ Հունգարիային չէր նշել: «Եվրահանձնաժողովը, համագործակցության ոգուն համաձայն, վերահսկելու է արտակարգ միջոցառումների կիրառումը Եվրամիության բոլոր երկրներում»,- ասել էր ֆոն դեր Լյայենը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ