News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ազգային գրադարանում տեղի ունեցածից հետո կորուստների չափի մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն դեռ չենք կարող հրապարակել, դա կգնահատվի համապատասխան փորձաքննությունից հետո, բայց հստակ կարող ենք ասել, որ ամբողջ թվայնացված բազան ունենք առանձին կրիչներով պահված: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, ասուլիսի ժամանակ նշեց Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը:

«Բացի դրանից, սերվերային սարքերի արտաքին տեսքից դատելով կարող ենք ասել, որ սերվերների վիճակն էլ անհուսալի չէ, եւ շատ հնարավոր է, որ այդ ամբողջ տեղեկատվական բազան պահպանված լինի նաեւ սերվերներում: Թե ինչպիսին է այդ սերվերների պիտանելիությունը հետագա աշխատանքների համար չենք կարող ասել, բայց հավանականությունը շատ մեծ է, որ տեղեկատվությունը պահպանված լինի»,-ասաց նա՝ հավելելով, որ կան այդ նույն սենյակում որոշ սարքավորումներ, որոնք ածխացված վիճակում են, բայց դրանք, բարեբախտաբար, սերվերային սարքերը չեն:

Նա տեղեկացրեց, որ ծխահարված վիճակում սերվերները հայտնաբերվել են մայիսի 10-ին, գրադարանի համապատասխան բաժնի աշխատակցի, պարետի եւ գրադարանը հսկող ոստիկանության աշխատակցի կողմից. «Տեղում կազմվել է արձանագրություն: Ինտերնետ կապի խափանումների եւ շտեմարանների անհասանելիության պատճառը պարզելու նպատակով սենյակը բացվել է եւ հայտնաբերվել է այդ վիճակում: Արտակարգ դրության պայմաններում սերվերները կարգավորվում էին հեռավար կերպով: Անվտանգության առումով մենք ունեինք շատ հզոր USB, որն ապահովագրում էր սերվերները հոսանքի տատանումներից»:

Հարցին, թե որքան են կազմում կորուստները եւ որ ժամանակաշրջանին են վերաբերում, տնօրենը պատասխանեց. «Այսօր մենք խոսում ենք միայն անհասանելիության մասին, կորուստների մասին չենք խոսում, որովհետեւ ամբողջ բազան արխիվացված կա կրիչների վրա, հետեւաբար, կորուստ չունենք այդ իմաստով: Կորուստ կարող է լինել որոշ սարքավորումներ: Իսկ թվայնացված են մինչեւ 20-րդ դարի սկզբի նյութերը: Հիմա մենք մտածում ենք ամբողջ տեղեկատվական բազան սերվերայինից տեղափոխել ամպային համակարգ:

Անդառնալի ոչինչ չկա: Այդ արխիվացված նյութերից որոշ նյութեր հնարավոր չլինի հասանելի դարձնել, այսինքն կրիչներից սերվերների վրա տեղափոխելիս error ունենան, բայց դա շատ չնչին, աննշան տոկոս կարող է կազմել»:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ազգային գրադարանի աշխատակազմն անփույթ է գտնվել, Սարիբեկյանը պատասխանեց. «Դեռ պետք է պարզել տեղի ունեցածի պատճառը մարդածին է, թե տեխնածին, ես ոչինչ չեմ բացառում:

Տպել
Ամենաշատ