News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քեմբրիջի համալսարանի եւ Բրիտանական անտարկտիկական ծառայության գիտնականները ստեղծել են մանրադիտակային ջրիմուռների առաջին լայնածավալ քարտեզը, որոնք ծաղկում են ձյան մակերեսի վրա Անտարկտիկական թերակղզու ափերի երկայնքով: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ այս «կանաչ ձյունը» կարող է տարածվել գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, փոխանցում է Nat-geo-ն:

Գիտնականների խումբը համախմբել է երկու տարվա ընթացքում հավաքված արբանյակային տվյաները ձնային կանաչ ջրիմուռների հայտնաբերման եւ չափման համար: Չնայած յուրաքանչյուր առանձին ջրիմուռը մանրադիտակային չափեր ունի, դրանք միասին ձյունը վառ կանաչ գույն են ներկում, որը կարելի է տեսնել նույնիսկ տիեզերքից:

«Մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել Անտարկտիդայում ցամաքային կյանքը հասկանալու համար, թե ինչպես այն կարող է փոխվել առաջիկա տարիներին, երբ կլիման ավելի տաք կլինի: Ձնային ջրիմուռները մայրցամաքի՝  ֆոտոսինթեզի միջոցով մթնոլորտից ածխաթթու գազ որսալու ունակության հիմնական բաղադրիչն են»,- նշել է հետազոտության գլխավոր հեղինակ Մեթ Դեյվին:

Ձնային ջրիմուռներն ավելի տարածված են Անտարկտիկական թերակղզու արեւմտյան ափին, հատկապես՝ կղզիներում: Նրանք աճում են ավելի տաք տարածքներում, որտեղ ամառային սեզոնի ընթացքում միջին ջերմաստիճանը գերազանցում է զրո աստիճանը:

Գիտնականները պարզել են, որ ծովային թռչունները եւ կաթնասուները մեծապես ազդում են կանաչ ձյան ջրիմուռների տարածման վրա, որոնց արտազատումները որպես շատ սննդարար բնական պարարտանյութ են ծառայում ջրիմուռների աճն արագացնելու համար: «Կանաչ ձյան» ավելի քան 60 տոկոսը գտնվել է պինգվինների եւ այլ թռչունների բնակավայրերից մինչեւ հինգ կիլոմետր հեռավորության վրա:

«Մենք ծաղկող կանաչ ջրիմուռների 1679 առանձին կետ ենք հայտնաբերել ձյան մակերեսի վրա, որոնք միասին 1.9 քառակուսի կիլոմետր տարածք են զբաղեցնում, ինչը համարժեք է տարեկան 479 տոննա ածխածնի կլանմանը»,- նշել է Մեթ Դեյվին:

Ծաղկող կանաչ ջրիմուռների գրեթե երկու երրորդը գտնվում էր փոքրիկ ցածր կղզիներում: Անտարկտիկական թերակղզում գլոբալ ջերմաստիճանի բարձրացման պատճառով այդ կղզիները կարող են կորցնել իրենց ամառային ձնային ծածկը, իսկ դրա հետ միասին՝ ջրիմուռներին: Բայց, միեւնույն ժամանակ, դրանք կարող են ավելի լայն տարածում ունենալ բլուրների վրա՝ Անտարկտիկական թերակղզու հյուսիսում եւ Հարավային Շեթլանդական կղզիներում:

«Մենք կանխատեսում ենք, որ Անտարկտիկայի տաքացմանը զուգահեռ ձնային ջրիմուռների ընդհանուր զանգվածը կավելանա, քանի որ բարձրունքների վրա տարածումն էապես կգերազանցի ջրիմուռների փոքր կղզային բծերի կորուստը»,- նշել է հետազոտության համահեղինակ Էնդրյու Գրեյը:

Գիտնականները կարծում են, որ Անտարկտիդայի ձնային կանաչ ջրիմուռներում պահվող ածխածնի ընդհանուր քանակը ժամանակի ընթացքում շատ ավել կդառնա: Բացի այդ, ածխաթթու գազը ներծծվում է նաեւ կարմիր եւ նարնջագույն ջրիմուռների կողմից, որոնք այս հետազոտության ընթացքում չեն ուսումնասիրվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ