News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Հանձնաժողովի նիստը բավականին կառուցողական անցավ, թեպետ տեղ-տեղ կարող էր նաեւ հուզական լինել, բայց ես բավականին գոհ եմ եւ առավել քան վստահ եմ, որ հետագա մեր գործունեության համար բավական օգտակար եւ արդյունավետ աշխատանք իրականացրինք այսօր։  Այս մասին այսօր՝ մայիսի 25–ին, լրգրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

«Բոլորիդ հայտնի է, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը դեռեւս չի ստորագրվել վարչապետի կողմից։ Գոգյանը հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել՝ մի քանի պատճառ մատնանշելով։ Դրանցից երկրորդը այսօրվա մեր քննարկման առարկան էր, որտեղ բավականին ծանր մեղադրանքներ կային՝ կապված ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնավարման, հովանավորչության հետ եւ մենք, որպես ոլորտում խորհրդարանական վերահսկողություն իրականացնող ինստիտուտ, մեր պարտքն ենք համարել այդ քննարկումը բերել պառլամենտ, խորհրդարանի շենքի ներսում լսենք բոլոր շահագրգիռ կողմերին»,– ասաց նա։

Հարցին՝ ինչու որոշվեց դռնփակ իրականացնել քննարկումը, Հայրապետյանը պատասխանեց. «Նախ, պետք է ասեմ, որ չի բացառվում, որ ապագայում եւս կլինեն քննարկումներ հենց նույն թեմայով, որովհետեւ կարծում եմ՝ ոչ բոլոր հարցերը այսօր հասցրինք սպառել, բայց կարեւոր էր, որ այն անցներ անկաշկանդ մթնոլորտում եւ հնարավորինս անկեղծ եւ բաց միջավայր ապահովեցինք բանախոսների համար։ Ինչպես նաեւ փակ միջավայրում թե՛ փոխնախարարը, եւ թե՛ ԲՈԿ նախագահը առավելագույնս բաց ներկայացրին իրենց քննադատությունները, մեղադրանքները և հակափաստարկները»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Գոյգանը հետ վերցնի դիմումը, Հայրապետյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»։

Հայրապետյանը հրաժարվեց ասել՝ ինչ է պարզվել փոխնախարարի կողմից ՀՊՏՀ ռեկտորի հովանավորչության վերաբերյալ Գոգյանի հայտարարության առնչությամբ։

«Դռնփակ ձեւաչափը իրենից ենթադրում է, որ այս փուլում ես չեմ կարող ձեզ հետ կիսվել բովանդակության մանրամասներով։ Այո, դրան շատ մեծ անդրադարձ եղավ այսօրվա նիստում եւ ես կարող եմ ասել, որ լրջագույն հարցեր բարձրացվեցին, դրանց տրվեցին պատասխաններ։ Թե որ չափով բավարարվեցին, ես հիմա զերծ կմնամ ասելուց։

Ինչու նախարարը ներկա չէր հարցին՝ պատգամավորը պատասխանեց. «Հանուն արդարության պետք է նշեմ, որ Արայիկ Հարությունյանը ամենաշատ ԱԺ այցելած նախարարն է։ Սա նաեւ խոսում է մեր հանձնաժողովի եւ տվյալ գերատեսչության միջեւ սերտ համագործակցության մասին։ Նպատակահարմար ենք գտել, որ կոնկրետ խնդրի հասցեատերը ներկայանա Ազգային ժողով, նրան ուղղվեն այդ հարցադրումները եւ հարկ եղած դեպքում, չկասկածեք, որ ԱԺ կհրավիրվի նաեւ նախարարը»։

Հայրապետյանն անդրադարձավ նաև մարզաշխարհի ներկայացուցիչների կողմից

փոխնախարարին աջակցող գրառումներին։

«Ես դա համարում եմ հետքայլ, չեմ ողջունում նման մոտեցումները եւ հույս ունեմ, որ ապագայում թե՛ մարզիկները, թե՛ արվեստագետները, թե՛ ռեկտորները հաշվի կառնեն, որ դեռեւս կոմունիզմից եւ  Հանրապետական իշխանության օրոք հատկապես առավել վառ եւ ցայտուն այդ մշակույթը տեղ չունի մերօրյա Հայաստանում եւ ուրախ եմ, որ նաեւ պարոն փոխնախարարը դիրքորոշում ունի սրա հետ կապված։ Այո, ես կարծում եմ, որ եթե խոսքը գնում է ՀՊՏՀ-ի եւ հովանավորչության վերաբերյալ, ապա մարզիկները պետք է զերծ մնան նման հայտարարություններ անելուց»։

Տպել
Ամենաշատ