News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ին և 24-ին սկսեցին զանգվածաբար հիվանդներին դուրս գրել, մեր բաժանմունքից մոտ 15 անձի դուրս գրեցին: Ես հարց եմ ուզում տալ նախարարին․ այդ մարդիկ, որ դուրս են գրվել, թեստավորված, դրական պատասխան ստացածները և ընդհանրապես չթեստավորվածները, իրենց հաղորդած վիճակագրության մեջ ո՞ր կատեգորիայի մեջ են մտնում։ Առողջացածների մե՞ջ են, թե՞․․․ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում պատմել է կորոնավիրուսով հիվանդացած, 10 օր հոսպիտալացված և բուժումը կիսատ տուն տեղափոխված Արամ Բաբաջանյանը։

«Այդ 15 հոգին անելանելի վիճակում էին։ Մի կին կար, որը հուզված էր, նա իր տղայի ընտանիքի հետ էր ապրում, և դրական թեստով տուն էին ուղարկում։ Ասում էր՝ ո՞նց մեկուսանամ մեկ սենյականոց բնակարանում, որ տղայիս ընտանիքին չվարակեմ։ Մյուս մարդիկ էլ նույն խնդրին էին բախվելու, ապրում էին իրենց ընտանիքների հետ։ Միևնույնն է, դուրս գրեցին բոլորին։ Զարմանալի չէ, որ վարակակիրների թիվը կտրուկ աճում է», պատմել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական, Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Արամ Բաբաջանյանը։ 

Արամ Բաբաջանյանը ջերմություն զգացել է մայիսի 9-ին, պոլիկլինիկայի բժշկի հետ է խոսել, որը հուսադրել է, թե իր կարծիքով վիրուս չկա։ Մայիսի 12-ին կնոջ հետ գնացել է «Վարդանանց» ԲԿ թեստ հանձնելու։ 20 հազարական դրամ են վճարել արագ թեստի համար։ Ասել են՝ բացասական է։ Ջերմությամբ պայմանավորված վճարել եւ սոնոգրաֆիա են արել։ Ասել են՝ նորմալ է։ Վերադարձել են տուն,  ջերմությունը չի իջել, որոշել են կրկին թեստ հանձնել նույն ԲԿ-ում,  այս անգամ վճարել են  25 հազարական դրամ։ Պատասխանը դրական է եղել։ Վարակվածներին տեղափոխել են  օրթոպեդիկ հիվանդանոց, որը վերապրոֆիլավորվել էր և սպասարկում էր կորոնավիրուսով հիվանդներին։ 

Նախկին պատգամավորը պատմել է նաեւ, որ   24 ժամվա մեջ բուժանձնակազմի հետ շփվում ես 5-10 րոպե․

«Ոչ մի հարցի պատասխան չես կարող իմանալ՝ որ փուլում է բուժումը, ինչ դեղեր ես ստանում, ինչպիսին են հետազոտություններիդ պատասխանները։ Հերթապահ բժիշկները, որ ամեն երեկո և առավոտյան պալատ մտնելուց մասնագիտական հարցերի չէին պատասխանում, միայն ջերմության չափն էին ճշտում և արյան մեջ թթվածնի տոկոսն էին չափում ու նշում իրենց մոտ։ Բոլոր հարցերն առաջարկում էին ուղղել թոքաբանին, որին օրվա մեջ տեսնում էինք 2-3 րոպե։ Մեր թոքաբանը 40 հիվանդի էր սպասարկում։ Ֆիզիկապես չէր կարող հասցնել բոլորին պատշաճ ձևով սպասարկել։ 30 տարեկան երիտասարդ աղջիկ էր, որը Աբովյանի տուբերկուլոզի դիսպանսերից էր գործուղվել, բացի դա, հերթապահում էր նաև Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։   Ամբողջ բաժնին սպասարկում էր մեկ բուժքույր, որը բաժանմունքի բոլոր հիվանդներին ներարկում էր կատարում, դեղեր էր տալիս և բոլորի կանչերին արձագանքում։ Բուժքույրերը երիտասարդ աղջիկներ էին, ուսանողներ և ինչպես հասկացա, այն ժամանակ չէին վարձատրվում»։

Արամ Բաբաջանյանի խոսքով հիպերտոնիա ունեցող կինը գիշերը վատացել է, սակայն մինչև առավոտ ոչ մեկին չեն կարողացել տեղեկացնել։ Առավոտյան ասել են՝ սրտաբան է պետք, որին մինչև դուրս գրվելը՝ շուրջ 5 օր, այդպես էլ չեն տեսել։

Երկկողմանի թողաբորբով տուն վերադարձած Բաբաջանյանը պատմել է նաեւ, որ ստիպված պարբերաբար զանգահարում են պոլիկլինիկա, որտեղից որոշակի օգնություն կամ պարզաբանում իրենց վիճակի մասին չեն ստանում։  Պայմանավորվել են հիվանդանոցում աշխատող մի բուժքրոջ հետ, որն այցելում եւ  ներարկումներ է անում։

«Նորից պետք է արյան անալիզ հանձնենք, համակարգչային տոմոգրաֆիա անենք։ Դա որտե՞ղ պետք է անեն, ո՞վ պետք է անի, ո՞նց պիտի արվի, մենք կարո՞ղ ենք դուրս գալ, գնալ պոլիկլինիկա, թե՞ չենք կարող։ Այդ հարցերի պատասխանը չկա։ Ոստիկանությունից եկան, զգուշացրին, որ տունը մնանք։ Ասում եմ՝ լավ, մնանք, բայց մեզ բժիշկ էլ է պետք։ Ասում է՝ մեր գործառույթը չի։ Հիմա չգիտենք՝ մեր երկկողմանի թոքաբորբն ինչ վիճակում է։ Բացի թոքաբորբը, իրենց «բուժման» արդյունքում առողջական նոր խնդիրներ ունեցա, որոնք կապված են լյարդի հետ, ինչպես նաև սնկային հիվանդություն սկսվեց, որի դեմ բուժումը սկսեցին միայն հակաբորբոքայինի կուրսի վերջին հատվածում։ Կասկածներ ունեմ, որ ստացված բուժման արդյունքում նաև այլ խնդիրներ են առաջացել ինձ մոտ։ Որքան էլ դիմեցի հիվանդանոցի ղեկավարությանը, այդպես էլ չստացա իմ էպիկրիզը, այն ինչ ինձ տվեցին, ձեռագիր երկու տող է, որը իրականում իմ ստացած բուժմանը չի համապատասխանում», ասել է Արամ Բաբաջանյանը։ 

Տպել
Ամենաշատ