News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս պահին, որեւէ այլ կուսակցությանն անդամակցելու պլաններ չունեմ եւ կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ չեմ ունենա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալու իր որոշմանը։

«Սա կարծում եմ՝ վաղուց արդեն սպասված որոշում էր, որովհետեւ սկսել էինք որոշակի տեսակետներ չկիսել տարբեր հարցերի շուրջ եւ այսպես ավելի ազնիվ էր, թե կուսակցության, թե իմ եւ թե ժողովրդի հանդեպ։ Կուսակցությունից դուրս գալու որոշումը կայացրել եմ ես, երեկ խոսել եմ թե կուսակցության ղեկավարի՝ Արամ Սարգսյանի հետ, թե կուսակցական ընկերներիս հետ, տեղյակ եմ պահել եւ դուրս եմ եկել կուսակցությունից։ Ուզում եմ նշել, որ որեւէ խնդրահարույց բան չկա, մենք սիրով հրաժեշտ ենք տվել միմյանց, շարունակելու ենք շփվել եւ որոշակիորեն համագործակցել, բայց այլեւս ես «Հանրապետություն» կուսակցության անդամ չեմ հանդիսանում»,– ասաց նա։

Վարդանյանի խոսքով՝ որքան էլ, որ իր եւ մասնավորապես կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի տեսակետները տարբեր հարցերի շուրջ տարբեր են եղել, Սարգսյանը երբեք չի նախատել իրեն իր հայտնած դիրքորոշման համար. «Այո մեր տեսակետները վերջին շրջանում էապես տարբեր են եղել, բայց այնպես չէ, որ ինձ նկատողություն են արել դրա համար կամ ասել են, որ չէ, դու չպետք է քննադատես իշխանություններին։ Որոշումը բացառապես եղել է իմը»։

Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ այլեւս որեւէ կաշկանդվածություն չունեք, արդյոք մինչ այս կաշկանդված եք եղե՞լ ինչ որ հարցերում՝ հարցին Վարդանյանը պատասխանեց. «Կաշկանդվածություն, ըստ էության չի եղել, որովհետեւ նորից եմ կրկնում, որեւէ մեկը ինձ չի նախատել իմ խոսքի կամ գրառման հետ կապված, բայց ներքին կաշկանդվածություն, այնուամենայնիվ եղել է, որովհետեւ կա կուսակցություն , որին անդամակցել եմ եւ կուսակցության դիրքորոշումը որոշակի տարբերվել է իմ դիրքորոշումից։ Այլեւս ես բացարձակ ազատ եմ եւ անկաշկանդ։ Ներքին կաշկանդվածությունը եղել է կուսակցության հանդեպ հարգանքից ելնելով, որոշակի վերապահումներ ունենալով, հաշվի առնելով նաեւ, որ Արամ Սարգսյանն իմ քավորն է, այստեղ ընտանեկան խնդիր էլ կա, անձնական հարաբերություններ էլ կան։ Ես մշտապես հարգանքով եմ վերաբերվել եւ շարունակելու եմ հարգանքով վերաբերվել, թե պարոն Սարգսյանի դիրքորոշմանը, թե կուսակցության դիրքորոշմանը»։

Հիշեցնենք, որ երեկ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ դուրս է գալիս «Հանրապետություն» կուսակցությունից, բայց շարունակելու է աշխատանքը Երևանի ավագանու կազմում և, ինչպես միշտ, աշխատելու է հանուն Երևանի ու երևանցու:

Տպել
Ամենաշատ