News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արշակ Պետրոսյանի, այսօր՝ հունիսի 11-ին, ընթացող նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանն՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դատական նիստին հայցվոր կողմ հանդիսացող Խոսրով Հարությունյանն նշեց, որ պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ ինքը ստացել է ապօրինի լիցենզիա։

«Պետք է ապացուցեն, որ ես ունեցել եմ ՀԷԿ-ի նման արտոնագիր։ Պարոն Նորիկյան, ես այս երկրում բացի ՀՀ նախագահի պաշտոնից, բոլոր պաշտոններում եմ նշանակվել, ապրում եմ շատ համեստ կյանքով, եթե ես բնակարան ունեմ, ես չեմ կարծում, որ դուք կամ ձեր վստահորդը կայարանում եք ապրում, դուք էլ ձեր բնակարաններն ունեք։ Կրկնում եմ, որ իմ աշխատանքի մեջ շատ թերություններ կարող են լինել, բայց ինձ մեղադրել պաշտոնեական դիրքը սեփական նպատակներին ծառայեցնելը բացառված է։ Եթե դա չի ապացուցվում, ապա համարվում է զրպարտանք»,- ասաց Հարությունյանը։

Նիստը նախագահող դատավորի դիտարկմանը, որ Բաբաջանյանի կողմից արված հայտարարության առաջին հատվածը վերացական է արվել, Խոսրով Հարությունյանն ասաց. «Ինչո՞ւ վերացական, ավելի կոնկրետ կարելի է մեկնաբանե՞լ։ Ցանկացած խոսք ունի իր կառուցվածքը. սկզբում դրվում է հիմնական գաղափարը, երկրորդ մասում էլ բերվում է այդ գաղափարը հիմնավորող փաստեր»։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն ասաց, որ իր վստահորդը «ապօրինի արտոնագիր» բառակապակցություն չի ասել եւ Խոսրով Հարությունյանի անունն էլ հոլովված է եղել հետեւյալ կոնտեքստում, եւ, որ այդ հայտարարությունը եղել է քննադատական բնույթի, հայցվոր կողմն արձագանքեց.

«Դա քննադատողական դիրքորոշում չի եղել, եղել է մեղադրանք, որն ուղղված է եղել իմ վստահորդին։ Որքան էլ պատասխանող կողմը ջանացել է ստորակետներով եւ վերջակետներով բաժանել նախադասությունները, որպեսզի կարողանա խուսափել պատասխանատվությունից։ Մենք շեշտում ենք, որ կետադրական նշանները չեն կարող ուղղակիորեն բացառել սույն գործով փաստական հանգամանքները։ Մենք բառախաղի չվերածելով այս ամենը, պնդում ենք, որ հնչել է մեղադրանք»։

Նշենք, որ Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու ու պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել 2 միլիոն դրամի չափով։

Նշենք, որ 2019 թվականի ապրիլի 18-ին ԱԺ լիագումար նիստում, երբ ընտրվում էր ՀԾԿՀ-ի նախագահ, թեկնածու Գարեգին Բաղրամյանին դիմելով՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասել է. «Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար եւ ակնհայտ է, որ այդ ոլորտներում  բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Եվ դա, ընդհանուր առմամբ, ձեր կրավորական հայացքի ներքո եւ մասնակցությամբ: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս ՀԷԿ-եր  կառուցելու ու շարունակում են մնալ այդ մարդկանց  սեփականության տակ, որեւէ ձեւով փորձե՞լ եք դիմադրել, թույլ տալ չհամաձայնվել հանձնաժողովի որոշումների ընթացքում»:

Տպել
Ամենաշատ