News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհի կառուցման վերաբերյալ  Ադրբեջանի ԱԳՆ եւ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների համաժամանակյա հայտարարությունների կապակցությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհի կառուցման վերաբերյալ  Ադրբեջանի ԱԳՆ եւ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների համաժամանակյա հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը`

Նախ եւ առաջ` կարեւոր է ընդգծել, որ նոր ճանապարհների կառուցումը եւ Արցախի Հանրապետությունում այլ հաղորդակցության նախագծերի իրականացումը, որոնք անհրաժեշտ են նրա անվտանգ զարգացումն ապահովելու եւ քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորություններն ավելացնելու համար, Արցախի իշխանությունների ինքնիշխան իրավունքն ու պարտականությունն է: Արցախի Հանրապետության որեւէ նախագիծ հարեւան Ադրբեջանի հետ համաձայնեցնելու կոչերը զուրկ են ցանկացած իրավական հիմքից եւ տրամաբանությունից:

Արցախը Հայաստանի Հանրապետությանը եւ արտաքին աշխարհին կապող հաղորդակցության նախագծերի իրականացումը հատկապես արդիական է Արցախը մեկուսացնելու Բաքվի շարունակական փորձերի ֆոնին՝ շահարկելով միջազգային իրավունքի առանձին սկզբունքներ: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում, որ շրջափակումը, ներառյալ՝ օդային շրջափակումը, դիտարկում են որպես Արցախի եւ նրա բնակիչների ֆիզիկական ոչնչացմանն ուղղված իրենց ընդհանուր ռազմավարության բաղկացուցիչ մաս: Ադրբեջանի անմարդկային քաղաքականության ցուցիչներից են քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքները:

Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտորեն ի ցույց են դնում միջազգային իրավունքի նկատմամբ իրենց քամահրական վերաբերմունքը: Միջազգային իրավունքի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի բուն էությունը Ադրբեջանի նախագահի հետեւյալ արտահայտությունն է՝ «այսօր միջազգային իրավունքն աշխարհում չի գործում, միջազգային պայմանագրերը պարզապես թղթի կտոր են, ոչ մի արժեք չունեն»:

Երկրորդ՝ Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների հայտարարությունն իրենց անձնական կարծիքն է, որը չի համապատասխանում Եվրոպական խորհրդարանի կողմից նախկինում ընդունված փաստաթղթերին, այդ թվում նաեւ՝ Արցախի շրջափակման անթույլատրելիության մասին բանաձեւերին: Այն փաստը, որ հայտարարության հեղինակներից ոմանք արժանացել են Ադրբեջանի պետական պարգեւների, մեծապես բացատրում է, թե ինչու է նրանց դիրքորոշումը լիովին համընկնում պաշտոնական Բաքվի դիրքորոշման հետ: Եվրախորհրդարանականների հայտարարության կողմնակալ եւ ոչ օբյեկտիվ բնույթն այնքան ակնհայտ է, որ չի կարող որեւէ օգտակար ուղերձ պարունակել եւ դրական դեր խաղալ «փոխվստահությանը, խաղաղությանը եւ հաշտեցմանը նպաստող պայմանների ստեղծման» գործում, ինչի մասին նշված խորհրդարանականներն իբրեւ թե անհանգստանում են։

Առավել ցինիկ է հայտարարության հեղինակների փորձը՝ իրենց կողմնակալությունը քողարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի հանդեպ հոգատարությամբ։ Օգտագործելով քաղաքական շարժառիթներով պայմանավորված ձեւակերպումներ, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տերմինաբանությանը եւ մոլորության մեջ գցում միջազգային հանրությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության վերաբերյալ, եվրախորհրդարանականների այս եռյակն իրականում վնասում է խաղաղ գործընթացին։ 

Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորումը հնարավոր է միայն մարդակենտրոն մոտեցման հիման վրա: Մի ողջ ժողովրդ մեկուսացնելու փորձերը, նրա ֆիզիկական ոչնչացման սպառնալիքները, մարդկանց անհատական եւ կոլեկտիվ իրավունքների իրացմանը խոչընդոտելը անցյալի մնացուկներ են եւ չեն կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ