News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, բժշկի ցուցումով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց՝ բժշկական ստուգումների եւ վերադարձրել կալանավայր. սպասում են բժիշկների եզրակացության։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Արթուր Պիվազյանը։

«Դեռ բժիշկների եզրակացությունը չկա, հստակ ժամկետ չեմ կարող նշել, թե երբ կլինի։ Առկա են առողջական խնդիրներ, ունի գանգատներ, ամենօրյա դեղահաբեր է օգտագործում»,- հայտնեց պաշտպանը։

Հարցին՝ արդյոք կալանքը համատեղելի՞ է առողջական խնդիրների հետ, Պիվազյանն ասաց, որ առայժմ նման հարց չի քննարկվում. «Երբ կստանանք եզրակացությունը, այդ ժամանակ կհասկանանք»։

Հարցին՝ արդյո՞ք կալանավորման ժամանակահատվածում է ունեցել առողջական խնդիրներ, Պիվազյանն ասաց. «Որոշ մասը կալանքից առաջ էլ է ունեցել, որոշ մասն էլ սրվել ու առաջացել են կալանքի ընթացքում»։

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 26-ին ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես եւ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:

Հիշեցնենք, դեկտեմբերի 21-ին Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ