Մենք առաջարկում ենք փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ Դատական օրենսգրքում: Այս մասին այսօր ԱԺ պետաիրվական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Վահագն Հովակիմյանը ներկայացրեց «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումները կատարելու մասին օրենքի նախագծում լրամշակումները, սակայն, չէր հասկացվում, թե ինչ է կարդում պատգամավորը, ու ինչ փոփոխություններ են արվել օրենքում։
Ի վերջո, հանձնաժողովի նախագահի համբերությունը սպառվեց, և նա խնդրեց պատճենահանել Վահագն Հովակիմյանի կարդացած տեքստն ու բաժանել հանձնաժողովի անդամներին ու ներկաներին:
Փոփոխությամբ, որին դրական եզրակացություն տրվեց, Սահմանադրական փոփոխության նախագիծը չի ուղարկվի նախագահ Արմեն Սարգսյանին եւ կհամարվի ընդունված ու կմտնի ուժի մեջ խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո:
Այս փոփոխությունը քիչ անց կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում:
Նախագծում այսպիսի դրույթ է ամրապնդվում. «Սահմանադրական դատարանի դատավորի թափուր երկու եւ ավելի տեղի համար թեկնածուների ընտրությունները կարող են անցկացվել միաժամանակ` սույն հոդվածով նախատեսված կարգով»:
Այսպես, տվյալ օրենսդրական նախաձեռնության ընդունման դեպքում դատավորներ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Ալվինա Գյուլումյանը կազատվեն իրենց պաշտոններից: Դրանից հետո մեկ օրում կընտրեն նոր դատավորներին:
Միեւնույն ժամանակ, ՍԴ դատավորների թափուր պաշտոնների համար թեկնածուներ նշանակվում են միաժամանակ, 12-րդ օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան ՍԴ 2 եւ ավելի դատավորների լիազորությունների ժամկետի ավարտի մասին ծանուցումից ոչ ուշ քան մեկ ամիս անց:
Քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը:



























