News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունը քննարկման է դրել  Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը՝ որով նախատեսվում է մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Բանն այն է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում, Հայաստանում խնդիր է առաջացել բարձրացնել ցորենի ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի  տվյալների համաձայն՝ վերջին  տարիների ընթացքում աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները նվազել են՝ 2019 թվականին 2015 թվականի համեմատ ցանքատարծությունները շուրջ 44,1 %-ով, բերքատվության մակարդակը՝ 42,0 %-ով, որի արդյունքում էլ նվազել է   համախառն բերքը` 68,7 %-ով՝ կազմելով ընդամենը 110,3 հազար տոննա: Նվազել է նաև ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2018 թվականին այն կազմել է 31,5%  2014 թվականի 48,7%-ի դիմաց։ Միաժամանակ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 250,0 – 330,0 հազար տոննա ցորեն։

 Նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է  70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։

Նախագիծը մշակողները հույս ունեն, որ ծրագրի իրականացումը կնպաստի  հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի  բարձրացմանը՝ շուրջ 30 %-ով։

Տպել
Ամենաշատ