
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հոնկոնգի բնակիչներին: Այս մասին է նշվում է ԱՄՆ պետքտուղար Մայքլ Պոմպեոյի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Չինաստանի կողմից Հոնոնգում ազգային անվտանգության ապահովման մասին ընդունված օրենքը, ըստ Պոմպեոյի, ոչնչացնում է հատուկ վարչական շրջանի ինքնավարությունը:
«ԱՄՆ-ն մի կողմ չի կանգնի այն ժամանակ, երբ Չինաստանը կուլ է տալիս Հոնկոնգը: Անցյալ շաբաթ մենք պատժամիջոցներ կիրառեցինք Չինաստանի Կոմունիստական կուսակցության այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Հոնկոնգի ինքնավարության խաթարման համար, նշել է քարտուղարը:- Մենք դադարեցնում ենք ռազմական [արտադրանք] եւ երկակի նշանակության տեխնոլոգիաների արտահանումը Հոնկոնգ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով մենք կդադարեցնենք նախապատվությունները, հազվագյուտ բացառություններով, որոնք Հոնկոնգին հատուկ դիրք էին տալիս»: Պոմպեոն հավելել է, որ «Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել Հոնկոնգի ազատասեր բնակիչներին եւ կպատասխանեն Պեկինի գրոհներին խոսքի, մամուլի եւ հավաքների ազատության ու օրենքի գերակայության վրա։
Հունիսի 30-ին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական համագումարի մշտական հանձնաժողովը (երկրի խորհրդարանը) օրենք էր ընդունել Հոնկոնգում ազգային անվտանգության ապահովման մասին: Այն նպատակ ունի կանխել այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են անջատողականությունը, ահաբեկչությունը, պետական իշխանության տապալումը եւ օտար ուժերի հետ դավադրությունը, ինչպես նաեւ ցմահ ազատազրկում է նախատեսում որպես բարձրագույն պատիժ: Դրա համաձայն՝ ՉԺՀ-ի կենտրոնական իշխանությունները քաղաքում պետական անվտանգության հատուկ մարմիններ կստեղծեն, որոնց Հոնկոնգի վարչակազմի իրավասությունը չի տարածվի։
Մի շարք երկրներ քննադատել են Պեկինին՝ պնդելով, որ այպիսի օրենքի ընդունումը խախտում է «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքը: Ի պատասխան չինական իշխանությունները կոչ են արել չխառնվել Չինաստանի ներքին գործերին: