News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Դեռ նախորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ընթացքում մենք դեմ էինք արտահայտվել գործուղման մեջ գտնվող պատգամավորների կողմից քվեարության մասին նամակներ թողնելու պրակտիկային: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանել խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությունը՝ Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ըստ որի՝ հիվանդ պատգամավորներին հնարավորություն կտրվի գրավոր հայտնել իրենց քվեարկության մասին, ինչպես դա ներկայումս արվում է գործուղման մեջ գտնվող խորհրդարանականների կողմից։

Ըստ Գորգիսյանի՝ պատգամավորը քվեարկում է իր կարծիքի եւ խղճի հիման վրա, իսկ կարծիքն այն մասին, թե ինչպես է նա քվեարկելու, պետք է ձեւավորվի խորհրդարանում օրենսդրական նախաձեռնության քննարկման հիման վրա: «Ուստի մենք սխալ ենք համարում քվեարկել մի հարցի համար, որի քննարկմանը պատգամավորը չի մասնակցել: Նույն խնդիրն առաջանում է նաեւ հիվանդության դեպքում: Ավելին, այժմ վտանգ կա, որ պատգամավորները կսկսեն չարաշահել այս գործիքը՝ չգալով նիստերին, բայց, միեւնույն ժամանակ, մասնակցելով քվեարկությանը։ Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորների առաջիկա ընտրություններին, ապա դրանք անցկացվում են գաղտնի քվեարկությամբ, ուստի քվեարկությանը գրավոր տեսքով մասնակցելը բացառվում է»,- եզրափակեց Գեւորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը Կանոնակարգի նոր փոփոխություններ է նախաձեռնել, քանի որ դրա արդեն 8 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով եւ Ազգային ժողովում անհրաժեշտ քանակությամբ ձայներ ապահովելու խնդիրներ են առաջացել: Իշխող դաշինքն առաջարկում է թույլ տալ, որպեսզի հիվանդության դեպքում պատգամավորները քվեարկեն հեռավար կարգով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել