
Մեր երկրում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այդ մեքենաները, որոնք երբեմն 30 տոննա քաշ են ունենում, լուրջ ազդեցություն են թողնում ճանապարհների որակի վրա: Հատկապես ամռանը, դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները»,-ասաց նա:
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նկատեց, որ ժամանակին ռուսական կողմի հետ քննարկում են ունեցել եւ ռուսներն առաջարկել են, որ ավտոմեքենաների կշռման եւ ստանդարտներ կիրառելու համակարգը ներդրվի նաեւ Հայաստանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Երբ մենք միլիարդներ ենք ծախսում ճանապարհների որակը բարձրացնելու համար, ինչ-որ մարդիկ մի քանի հազար ավել աշխատելու համար այդ ճանապարհների քանդման գործով են զբաղվում:
Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետերը պետք է ունենանք եւ բոլոր բեռնատարները պետք է կշռվեն»: