News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Արալեզ գյուղի տներից մեկը, որի շուկայական արժեքը մոտ 30 հազար ԱՄՆ դոլար է արժեցել, ըստ տան բնակիչների, հարկադիր կատարողի որոշմամբ, էլեկտրոնային կրկնաճուրդով վաճառվել է 2 հազար ԱՄՆ դոլարով, իսկ աճուրդի մասին տան բնակիչները տեղյակ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ին է ահազանգել իրավապաշտպան Մհեր Կարագոզյանը։

«Այդ մարդիկ բանկից տարբեր տեսակի վարկեր են վերցնում ու ժամանակի ընթացքում որպես պարտաճանաչ բանկի հաճախորդ ճիշտ ժամանակին իրենց մուծումներն անում են, վարկերը մարում են։ Գալիս է հասնում ինչ-որ կետի, որ մարդիկ վերցնում են 6500 դոլարի վարկ գյուղատնտեսական նպատակով, հետո ոսկի են գրավադրում 2500 դոլարին համարժեք, որից հետո մարդկանց հետ ինչ-որ փորձանք է պատահում, ավտովթարի են ենթարկվում, այս մարդը՝ Սպարտակ Աղաբաբյանը, հիվանդանում է, վիրահատվում է, դրանից հետո ծանր աշխատանք անելը երկարատեւ ժամանակ իրեն ուղղակի արգելվում է, հետո մահանում է նրա հայրը։ Մի խոսքով՝ անհաջողություն անհաջողության վրա, բայց, այնուամենայնիվ, ուզում է աշխարհն էլ փլվի, գիտեք, որ Հայաստանում որեւէ դեպքում բանկերը եւ վարկերը չեն տուժում, ասեմ ավելին՝ օգտվում են։ Այստեղ ամենահետաքրքրականը ԴԱՀԿ-ի հանցավոր անգործություն, թե գործունեություն ասեմ, արդեն թող գնահատականը հանրությունը տա։ ԴԱՀԿ-ն պիտի իր գործունեությունը անի դատական ակտի, դատավորի վճռի հիման վրա։ Դատական ակտը օրինական ուժ է ստանում մեկ ամսվա ընթացքում, որը կարելի է բողոքարկել»,- ասաց իրավապաշտպանը։

Նա նշեց, որ տան բնակիչները Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ծանուցում չեն ստացել եւ աճուրդի մասին իմացել են ուրբաթ օրը. «Ծանուցագիր չեն ստացել, որ վճիռ եք ստացել, վճիռը այսպիսին է եղել, մարդիկ տեղեկություն չեն ունեցել, որ վճիռ կա դատական, որ մի հատ էլ բողոքարկեն։ ԴԱՀԿ-ի գործունեությունից բացարձակ տեղեկություն չի եղել։ Որեւէ անգամ որեււէ նամակ, որեւէ ծանուցագիր այս մարդիկ չեն ստացել, որ ձեր գույքը դրված է կալանքի, տեղեկություն չեն ստացել, որ ձեր գույքը հանվում է աճուրդի չգիտեմ՝ այսինչ ինչ գնով, այսպես եմ ասում, որովհետեւ գինը ոչ միայն ես չգիտեմ, այլեւ այդ մարդիկ ընդհանրապես տեղեկություն չունեն այդ մասին, սակարկումների մասին ընդհանրապես տեղեկություն չունեն, երբ է վաճառվել՝ ընդհանրապես տեղեկություն չունեն»։

Մհեր Կարագոզյանն ասաց, որ բնակիչները աճուրդի մասին տեղեկացել են համագյուղացիներից. «Անհանգստացել, գնացել դիմել ենք, մեզ ասել եմ՝ հա, վայ, գիտեք, որ ձեր բնակարանը վաճառված է ընդամենը 1 միլիոն դրամով։ Իսկ 1 միլիոն դրամը իրենց չի ազատում բանկի նկատմամբ իրենց ունեցած պարտավորությունից։ Ես շրջանառվող խոսակցություններից հասկանում եմ, որ բանկին էլ ընդհանրապես ձեռնտու գործողություններ չի եղել, որովհետեւ այս մարդը կորցրեց իր վերջին ունեցվածքը, այնուամենայնիվ շարունակեց պարտք մնալ բանկին»։

Նա նշեց, որ տանը դեռ նոր գնորդը չի բնակվում. «Ինչ-որ մեկը զանգահարել է, տեղեկացրել, որ ինքն է գնել այդ բնակարանը, եւ ասել՝ ազատեք այն։ Բնականաբար, մենք դեմ ենք, փաստաբան ենք արդեն վարձել, փորձում ենք առարկել, անել այն ինչը հնարավոր է, բայց, ըստ էության, սա քաղաքացիական գործից դուրս է, որ դատարանում քննվի, այստեղ քրեական հետքերը ակնհայտ են»։

Իրավապաշտպանն ասաց, որ այդ տունը, որը վաճառվել է 2 հազար ԱՄՆ դոլարով, մոտ 30 հազար ԱՄՆ դոլարով գնորդ է եղել. «Քաղաքական էլեմենտներն ակնհայտ են, քանի որ անընդհատ այս ժողովուրդը ե՛ւ 30 տարի առաջ, ե՛ւ հեղափոխությունից հետո պայքարեց թալանի դեմ, այս դեպքը հստակ ես գնահատում են թալան։ Եթե թալան չէ, ի՞նչ է, որովհետեւ հիմա կա գնորդ, որ այդ տան համար կվճարի 30.000 դոլար, բայց վաճառել են ընդամենը 2.000 դոլար։ Արարատի մարզում ընդհանրապես հեղափոխությունը չի մտել»։

Նա պատմեց, որ տան բնակիչները այդ հարցի լուծման նպատակով գնացել են ԱԱԾ. «Նրանք գնացել են ԱԱԾ առանց փաստաբանի, դե միամիտ գյուղացի մարդիկ, վախեցած, ոնց կգնան ԱԱԾ ու ոնց կներկայանան՝ դուք պատկերացնում եք։ ԱԱԾ-ից մեզ նամակով պատասխանել են։ Ես ենթադրում եմ, որ ԱԱԾ-ն սա դիտարկել է որպես քաղաքացիական գործ»։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնեցին, որ Արալեզ համայնքի բնակիչ Սպարտակ Աղաբաբյանն իրեն պատկանող տունը` հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին ծառայության կողմից ծանուցվել է առձեռն եղանակով դեռեւս 2019 թվականի փետրվարի 14-ին:

Նշեցին, որ հարկադիր կատարողի որոշմամբ նշանակված անկախ փորձագետի կողմից գույքը գնահատվել է 14 մլն 600 հազ դրամ: Որպես գույքի մեկնարկային գին սահմանվել է 10 մլն 950 հազար դրամը. «Լոտի մեկնարկային գնի սահմանումը կարգավորվում է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով»:

Ծառայությունից հայտնեցին, որ գույքի աճուրդի մեկնարկը եղել է 2019 թվականի մարտի 28-ին, այն վաճառվել է 2020 թվականի մայիսի 25-ին՝ 22-րդ էլեկտրոնային կրկնաճուրդով 1մլն. 529.183 հազար դրամով:

«Հարկ է նշել, որ 22 անգամ հնարավորություն է եղել աճուրդի հանված գույքն առավել բարձր գնով վաճառելու, որը չի վաճառվել: Ավելին, պարտապանն այդ ամբողջ ժամանակահատվածում հնարավորություն է ունեցել իր պարտավորությունները կատարելու, որը  վերջինիս կողմից չի արվել»,- նշեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Տպել
Ամենաշատ