News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բուժհաստատությունների կառավարումը նախարարությանը փոխանցելու դեպքում եզրահանգում կարելի է անել միայն բազմակողմանի քննարկումների դեպքում, որը կարծում եմ մեզ մոտ տեղի կունենա եւ՛ նախարարության հետ, եւ՛ միգուցե բժշկական հիմնարկների տնօրենների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե անհրաժեշտություն տեսնում է, որպեսզի արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական հաստատությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորությունները անցնեն Առողջապահության նախարարությանը։

Այս կարգավորումները նախատեսող նախագծերի փաթեթն, ըստ պարոն Զեյնալյանի՝ արդեն ԱԺ-ում է։ Այն սկզբում քննարկվելու է գլխադասային՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ «Այստեղ շատ կարեւոր են հիմնավորումները եւ այն, թե դա ի՞նչ մեխանիզմով է իրականացվելու, ինչպիսի լիազորություններն են փոխանցվելու՝ ամբողջական, թե մասնակի։ Այս ամենը պետք է համակողմանի քննարկվի։ Բայց եւ այնպես այսօրվա գործող օրենսդրությամբ, կարծում եմ, արտակարգ դրության պայմաններում ամբողջությամբ հնաարվոր է իրականացրել պատշաճ բժշկական օգնություն եւ սպասարկում»,- ասաց պարոն Զեյնալյանը՝ հավելելով, որ այս փոփոխությունների հետեւանքով ֆինանսական խնդիրներ, բնականաբար, կլինեն։

«Հենց այստեղ է խնդիրը, որ այդ ամեն ինչը պետք է հաշվառվի։ Բժշկական կենտրոնի կառավարումը փոխանցելը կարճատեւ պրոցես չէ, այստեղ բազմակողմանի ուսումնասիրություններ պետք է արվեն, աուդիտ է պետք անել՝ հասկանալու՝ ինչպիսի բժշկական հիմնարկ ես ընդունում, որպեսզի նաեւ վերադարձնելուց էլ եւ փոխհատուցման հարցերը պատշաճ մակարդակով արվի։ Բժշկական հիմնարկների մի մասը նաեւ վարկեր է վերցրել, որոշակի սարքավորումներ է գնել, այսինքն՝ այս բոլորը պետք է ուսումնասիրել։

Պետք է եռակողմ պայմանագիր կնքվի՝ Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարությունների եւ տնտեսվարողների միջեւ։ Պայմանագրերի մեջ ամբողջը պետք է ֆիքսված լինի՝ ընդունելուց մինչեւ հետ հանձնելը, բոլորի փոխհատուցումները պետք է համաձայնեցված լինի։ Դա կարճ պրոցես չէ, առնվազն մեկ ամիս կտեւի, եւ այստեղ պետք է հասկանալ որքանո՞վ է արդյունավետ այդքան ռեսուրս ծախսել»,- ընդգծեց նա։ Նարեկ Զեյնալյանը դժվարացավ ասել, թե այդ նախագիծը առաջիկա արտահերթ նիստի օրակարգ կմտնի՞, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ Կառավարության հուլիսի 9-ի նիստում, գործադիրը հավանություն տվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, համաձայն որի՝ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական հաստատությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորություններն անցնում է Առողջապահության նախարարությանը։ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս է գնահատում կորոնավիրուսի դեմ պայքարը։

Նարեկ Զեյնալյանի համոզմամբ՝ միայն դիմակներ դնելով հնարավոր չէ պայքարել համավարակի դեմ։ «Շատ կարեւոր է պատշաճ եւ ժամանակին կոնտակտավորներին հայտնաբերելը, բավարար քանակությամբ թեստավորում անելը, վարակակիրներին մեկուսացնելն ու վերահսկողություն անելը»,- ասաց նա։ Մեր դիտարկմանը, թե նախարարությունն ասում է, որ այլեւս հնարավոր չէ ամբողջությամբ կոնտակտավորներին հայտնաբերելը, որովհետեւ վարակակիրները շատ են, Նարեկ Զեյնալյանն ասաց, որ կոնտակտավորներին հայտնաբերելը միշտ էլ հնարավոր է։ «Միգուցե 100%-ով հնարավոր չէ հայտնաբերել, բայց անկախ այն բանից, թե քանի վարակակիր է հայտնաբերվում, կոնտակտ ունեցող մարդկանց շրջանակը տվյալ անձից պարզվում է առնվազն եւ պատշաճ ձեւով ինֆորմացիան հավաքագրելով եւ կոնտակտավորների հետ կապ հաստատելով, նրաց մեկուսացման ցուցումներ տալով վստահաաբար հնարավոր է շղթան կտրել»,- ընդգծեց Նարեկ Զեյնալյանը։

Նրա խոսքով, եթե թեստավորումների քանակն ավելանա, ապա վարակակիրները կավելանան։ «Այո, որքան ավել թեստ արվի, այքան հիվանդ դրական թեստի արդյունքով հիվանդներ ենք հայտնաբերելու, հենց ամբողջ իմաստն այն է, որ հայտնաբերելիությունը պետք է ավելացնել եւ դա հնարավոր է միայն թեստի քանակները ավելացնելով։ Թեստերի քանակն այնքան պետք է ավելանա, որպեսզի դրական պատասխանով թեստերի քանակությունը նրանց մեջ կազմի մոտավորապես 10 %, ոչ ավել։ Այս դեպքում մենք նոր կարող ենք ասել, որ պատշաճ հայտնաբերում ենք իրականացնում»,- հավելեց նա։

Տպել
Ամենաշատ