News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Անկարայի որոշումը միջկրոնական պառակտում կառաջացնի, ԵՄ խորհուրդը դատապարտում է այդ քայլը եւ կոչ է անում չեղարկել այն: Այս մասին երկուշաբթի ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ խորհուրդը դատապարտում է համաշխարհային նշանակության կարեւոր հուշարձան հանդիսացող Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը: Այդ որոշումը մտահոգության տեղիք է տալիս, քանի որ այն պառակտում կհրահրի տարբեր կրոնների հետեւորդների միջեւ, ինչը կխաթարի երկխոսության եւ համագործակցության խթանման մեր բոլոր ջանքերը: Նախարարները սատարել են այդ որոշումը չեղյալ հայտարարելու Թուրքիայի իշխանություններին ուղղված կոչը»,- հայտարարել է Բորելը։

Ավելի վաղ, Թուրքիայի Պետական խորհուրդը` երկրի բարձրագույն վարչական դատարանը, չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու 1934թ. որոշումը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հրամանագիր է ստորագրել՝ տաճարը մզկիթի վերածելու եւ այնտեղ մահմեդական ծառայություններ սկսելու մասին:

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշարձան է, որը կառուցվել է 532-537 թվականներին՝ Հուստինիանոս կայսեր հրամանով: 1453-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1934-ին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, եւ դրա պատերից մաքրվել են որմնանկարներն ու խճանկարները ծածկող սվաղի շերտերը: 1985-ին շենքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ