News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Բուհեր չընդունված դիմորդների ծնողները և հենց դիմորդները այսօր՝ հուլիսի 22-ին, կրկին հավաքվել էին Ազգային ժողովի մոտ ու ակցիա էին իրականացնում՝ պահանջելով լուծում տալ իրենց հարցին՝ նշելով, թե անարդարացի է, որ իրենք ստացել են բարձր բալեր, չեն ընդունվել որևէ տեղ, սակայն օրինակ 7,5 բալ ստացողն ընդունվել է:

Դիմորդներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այո, ասել են, որ գերակայությունը տրվելու է առաջին հայտին, բայց չեն ասել, որ եթե առաջին հայտով չես անցնում, հնարավոր է 18,75 էլ ստանաս ու ոչ մի տեղ չընդունվես»: Նա նշեց, որ պաշտոնական տվյալներով 739 հոգի հավաքել են բավարար գնահատական ու չեն ընդունվել ոչ մի տեղ, եւս 300-400 հոգի ընդունվել են, բայց ոչ այն բաժինները, որտեղ իրենք են ցանկացել:

Դիմաորդի խոսքով, ինքը նշել է 10 տեղ, առաջինը եղել է իրավագիտությունը, հավաքել է 15,75 բալ, սակայն առաջին հայտով չի անցել, անցել 10-րդ հոյտով նշած «հնագիտություն» բաժինը, սակայն չի պատրաստվում այդտեղ սովորել: «Իմ բալերը հերիքում են երկրորդ հայտին եւ մնացած հայտերին, բայց այդ հնարավորությունը չի տրվում: Պետք է նախապատվությունը տալ գիտելիքին, ոչ թե հայտին: Ով կարող է բացատրել, թե ինչու է 18,75 բալ ստացածը ոչ մի տեղ չանցնի, իսկ 7,5 բալ ստացողն անցնի: Այստեղ չկա համաչափություն»,-ասաց նա:

Դիմորդներից մեկի ծնողը անընդունելի համարեց փաստարկը, թե բոլորն իրազեկվել են, որ նախապատվությունը տրվելու է առաջին հայտով դիմածներին. «Ոչ մեկն էլ տեղյակ չի եղել: Եթե այդպես էր, ապա հանեիք մյուս հայտերը, որպեսզի երեխան իմանար, որ մի տեղից բացի, այլ հնարավորություն չի ունենալու ընդունվել: Ի վերջո ինչպ՞ես է 7.5 միավոր հավաքած դիմորդը ընդունվում, իսկ 15, 16, 18-ը մնում դրսո՞ւմ»,- ասաց նա եւ հավելեց, որ իր աղջիկը հավաքել է 13.5 միավոր, դիմել 8 հայտով եւ ոչ մի բաժին չի ընդունվել: նա դիմել է հերթականությամբ՝ իրավաբանական, միջազգային հարաբերություններ, արեւելագիտություն, քաղաքագիտություն եւ այլն:

Դիտարկմանը, որ ԳԹԿ-ից նշում են, որ առաջին հայտով մրցակցությունն են կարեւորում, ծնողն ասաց, որ կապ չունի, թե դիմորդը որ հայտով է ընդունվում, կարեւորն այն է, որ գիտելիքը կա: «Եթե մեկը 7,5 բալով ընդունվել է այդ բաժին եւ կա մեկը, որ 16 բալ  է ստացել եւ ուզում է այդ նույն բաժնում սովորել, նա ավելի վա՞տ կսովորի: Այսինքն` երկրին պետք չեն բանիմաց, խելացի մասնագետներ: Մեզ չի ծանուցվել  փոփոխությունների մասին, միգուցե երեխան իմանար ու դիմեր այլ բաժին: Բաժին կամ այլ հոսք ստեղծեք, այսքան երեխան 18 միավորով դրսո՞ւմ մնա: Մեզ անհրաժեշտ է, որ ապագան լինի խելացի երեխաներինը, ոչ թե 7.5 հավաքվածներինը: 7,5 միավորով բժիշկը պետք է մեզ բուժի՞»:

Լրագրողների հետ զրույցում դիմորդներից մեկի ծնողն էլ ասաց, որ առաջին անգամ է մեկ քննությունով բուհ ընդունվելու հնարավորություն լինում, որը խճճում է դիմորդներին եւ նրա խոսքով՝ այն պարզաբանումը, թե  դիմորդները ծանուցվել են փոփոխված կարգի մասին, անհասկանալի է, քանի որ ոչ մի հստակ ձեւակերպում չի եղել ԿԳՄՍՆ-ի կողմից:

Ծնողներից մեկն էլ նշեց, որ միայն գրված է եղել, որ նախապատվությունը առաջին հայտինն է. «Բայց դրանից մենք հասկանում ենք, որ եթե երկուսս էլ ստացել ենք 15 բալ, ապա անցնում է առաջին հայտով դիմած դիմորդը, ոչ թե 15 բալ ստացածը չանցնի, իսկ առաջին հայտով 8 բալ ստացածը անցնի: Չի եղել պարզաբանում, որ պետք է թափուր տեղ մնա, նոր դու անցնես: Բոլոր դիմորդները խաբված են: Ասենք կան դիմորդներ, որ գիտեն իրենց ունակությունները, որ ասենք 16 բալ կարող են առավելագույնը ստանալ: Եթե իրենք իմանային որ այսպես է, իրենք երբեք առաջին հայտով իրավաբանական չէին նշի»:

Մեկ այլ ծնող էլ ասաց. «Հեղափոխությանն այս երեխաներին դպրոցի դասերից դուրս էին հանում, այս երեխաներն ասֆալտին կանգնած հեղափոխություն էին անում ու այդ երեխաներին ղեկավարությունը չի ուզում արտոնություն տալ, գոնե մի շանս տալ: Այս երեխաներն ուզում են ընդամենը սովորել: Ի՞նչ է տվել այս հեղափոխությունը, ինչի՞ համար ենք արել»:

Նշենք, որ այս պահին ԱԺ համապատասխան հանձնաժողովում քննարկվում է այս հարցը, որին մասնակցում է նաեւ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը: Նիստին չեն մասնակցում դիմորդների ծնողները:

Հիշեցնենք, որ երեկ նրանք ակցիա արեցին նախ ԳԹԿ-ի դիմաց, ապա դարձյալ ԱԺ-ի։ Նրանք նաեւ նամակ հանձնեցին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ