News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Չկա հստակ բնութագրիչ, որը կբնութագրի Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես կբնութագրի այսօրվա արտաքին քաղաքականությունը:

«Ես չգիտեմ, չկա բնութագրիչ, տարերային, իրավիճակային, կապված տրամադրության, կոնկրետ մարդու, կառավարության , միգուցե եղանակի հետ, իմ համար հասկանալի չէ այսօրվա արտաքին քաղաքականության բովանդակությունը: Մենք ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու համար պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում: Ես խիստ կասկածում եմ, թե այսօր Կառավարությունը ճիշտ է գնահատում այն գլոբալ պրոցեսները, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհում: Ակնհայտ է, որ կա երկու գործընթաց այսօր, մեկը` բազմաբեւեռ աշխարհի ձեւավորումն է, որն այսօր փաստ է, եւ այդ բազմաբեւեռ աշխարհի ձեւավորման գործընթացում էապես աճում է տարածաշրջանային հզոր երկրների դերը այս տարածաշրջանում: Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում էական մրցակցություն է լինելու Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, եւ երբ  չկա միաբեւեռ, դոմինանտ պետություն, ապա, իհարկե, այս գործոնները փոխվում են: Մեկ ուրիշ գործընթաց էլ կա, որի վրա ուշադրությունը շատ ավելի նվազ է. Սովետական միության փլուզվելուց հետո ձեւավորվեց միաբեւեռ աշխարհ՝ Միացյալ նահանգների առաջնորդությամբ, եւ այն ժամանակ տնտեսական գլոբալիզացումը ուղղակի կապվեց մեկ այլ` տեսության մեջ ասում են նեոգլոբալիզմի հետ, երբ գլոբալիզացիան ոչ միայն տնտեսական է, այլ նաեւ գլոբալիզացվում են արժեքային համակարգը, քաղաքակրթական, մշակութային տարբերությունները, այսպես ասած, աշխարհի հոլիվուդացում, ես նույնիսկ տերմին եմ օգտագործում՝ աշխարհի սորոսիզացիա: Այստեղ խոսքը Սորոսի մասին չէ, ավելի շատ փոխաբերական իմաստով է, բայց այդ ուժերն ավելի լայն են։ Հսկայածավալ գումարներ են ծախսվել հազարավոր հկ-ներ ստեղծելու համար, որոնց հիմնական նպատակն է եղել այդ գլոբալիզացիայի այդ թեզը առաջ տանել»,-ասաց նա:

Քոչարյանի կարծիքով` հիմա այդ թրենդը փոխվել է, եւ մարդիկ համարում են, որ քաղաքակրթական եւ մշակութային բազմազանությունը այս մոլորակի ուժն է եւ արժեքը, որի համար պետք է պայքարել։

«Այսօր աշխարհում կա այլ՝ ազգային արժեքների համար պայքարելու թրենդ, և առաջատարներն այս գործընթացում Ռուսաստանն ու Չինաստանն են, որոնք ունեն քաղաքակրթական մեծ ներուժ, շատ հզոր մշակույթ, և որոնց ինքնության մեջ իրենց մշակույթն ու պատմությունը չափազանց մեծ դեր են կատարում։

Այսօրվա իշխանության մեծ մասը եկել են այն հկ-ներից, որոնք ձեւավորվել են այդ գլոբալիզացման երկրորդ թրեքից եւ այդ քաղաքականությունն են վարում, եւ հիմա ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից հիմա բոլորը փախչում են: Եվ այս վեճերը ազգային արժեքների մասին, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի մասին, որոնք տարբեր ազգերի ինքնության չափազանց կարևոր բաղադրիչներն են, սա են փորձում հանել մեր մշակույթից, մեր կրթական ծրագրերից։ Նույնիսկ եվրոպական բոլոր ընտրությունների արդյունքներով տեսնում ենք, որ ազգային ուժերը բարելավվում են իրենց դիրքերը։ Կան երկրներ, որտեղ այդ ուժերն արդեն կառավարող ուժեր են»,-ասաց երկրորդ նախագահը՝ նշելով, որ մեզ տանում են դեպի մի թրենդ, որն այսօր աշխարհում մարում է։

Նա եզրափակեց` ասելով, որ եթե այս երկու գործոնները ճիշտ չեն հասկանում, մեր արտաքին քաղաքականության ուղղությունն է անհասկանալի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ