News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Նախիջևանյան հատվածում թուրքական ակտիվությունը որքանով Հայաստանի համար է սպառնալիք և անհանգստության աղբյուր, գրեթե նույնքան էլ Իրանի պարագայում է այդպես։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտութան ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն՝ անդրադառնալով հարցին, թե թուրք–ադրբեջանական զորավարժությունները ինչքանով են սպառնալիք կամ մտահոգիչ Իրանի համար։

«Գիտեք, նախիջևանյան հատվածի հետ ամենաերկար սահման ունեցող երկու պետությունները Հայաստանն ու Իրանն են։ Հետևաբար, թուրքական ներկայության աճը այս տարածաշրջանում, բնականաբար չի բխում ո՛չ հայկական, ո՛չ էլ իրանական կողմերի շահերից։ Բայց այստեղ պետք է ավելացնել նաև մեկ այլ կողմ՝ Ռուսաստանի Դաշնությունը, որն ըստ էության, Հարավային Կովկասում ունի կենսական շահեր, և այդ շահերի առումով էլ թուրքական ներկայության աճը որևէ կերպ չի կարող դիտարկվել ռուսական շահերից բխող, ընդհակառակը՝ դա ուղղակիորեն հակասում է ՌԴ կենսական շահերին այս տարածաշրջանում»,- ասաց Վարդան Ոսկանյանը։

Իրանագետը նկատում է, որ Իրանը Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցում է կարևոր մի առանձնահատկության հիման վրա, խոսքը պատժամիջոցների ռեժիմի մասին է, որը գործում է Իրանի հանդեպ՝ ԱՄՆ-ի կողմից։

«Այս համատեքստում, ցավոք, Թուրքիան ստանձնել է որոշակի դերակատարություն, որը միտված է իրանական կողմի համար մեղմելու պատժամիջոցների հետևանքները։ Այլ խոսքով՝ Թուրքիան Իրանի համար հանդես է գալիս որպես խողովակ պատժամիջոցները շրջանցնելու տեսանկյունից, կամ ավելի ճիշտ՝ այդ խողովակներից մեկը։ Հետևաբար, իրանա-թուրքական հարաբերությունները ընթանում են վայրիվերումների փուլերով։ Բնական է, որ իրանցիները մերձավորարևելյան տարածաշրջանում Թուրքիային դիտարկում են եթե ոչ հակառակորդների, ապա, առնվանզ, մրցակիցների շարքում»,- ասաց նա։

Վարդան Ոսկանյանը նշում է, որ Սիրիայում ընթացող գործընթացների համատեքստում շատ դեպքերում իրանա-թուրքական շահերը բախվում են, բայց Իրանն իր դիրքորոշումը արտահայտելիս հաշվի է առնում պատժամիջոցների հանգամանքը։

«Ուստի հռետորաբանության մակարդակում, իրանցիները միգուցե չարտահայտվեն շատ կտրուկ և սուր, բայց ակնհայտ է, որ գործողությունների տիրույթում իրանցիները երբևիցե չեն կարող թույլ տալ թուրքական ազդեցության աճ այս տարածաշրջանում, որովհետև դա նշանակում է իրանական շահերի ոտնահարում մի տարածքում, որը բազմաթիվ թելերով կախված է իրանական բարի կամքից»,-ասաց Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ Իրանը երկու լծակ ունի, որով կարող է ազդել Նախիջևանում ընթացող գործընթացների վրա։

«Պատկերացրեք, եթե իրանցիները ցամաքային ուղի չտրամադրեն «մայրցամաքային Ադրբեջանից» դեպի Նախիջևան, իսկ այդ ուղին գործում է հենց իրանական տարածքով՝ Ատրպատականի հատվածով, մեր սահմանի անմիջական մոտակայքում։ Եվ երկրորդը՝ էներգակիրների խնդիրն է։ Նախիջևանին գազային մատակարարումները նույնպես կախված են Իրանի բարի կամքից»,- նշում է Վարդան Ոսկանյանը։

Իրանագետի դիտարկմամբ՝ «էրդողանական Թուրքիայի լկտի» վարքագիծը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Հարավային Կովկասում ստեղծում է պարադոքսալ իրավիճակ։

«Պարադոքսն այն է, որ թուրքական կողմը իր գերակտիվությամբ, իր դեմ է հանում այնպիսի խոշոր խաղացողների, ինչպիսիք են՝ Ռուսաստանն ու Իրանը, բնականաբար, այս համատեքստում հայկական կողմի ակտիվությունը դեպի Իրան և Ռուսաստան, կարող են արդյունավետ լինել։ Գերագույն նպատակ պետք է սահմանել եռակողմ դաշինքի ձևավորումը՝ Թեհրան-Երևան-Մոսկվա ուղղահայացի շրջանակում, որտեղ հիմնական սպառնալիքը պետք է դիտարկել Թուրքիան, և որի գործողությունները պետք է միտված լինեն թուրքական ներկայության սահմանափակմանը առնվազն Հարավային Կովկասում, եթե ոչ ողջ Մերձավոր Արևելքում»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Իրանում այս պահին զինավարժությունների անցկացումը, իրանագետը մի քանի պատճառներ է նշում, օրինակ՝ սեփական ռազմական ուժերի ստուգումը, դրանց մարտունականության բարձրացումը, բացի այդ կա նաև քարոզչական բաղադրիչ։

«Չնայած զորավարժություններն ընթանում են Իրանի հարավում՝ Պարսից ծոցում, բայց, այդուհանդերձ, Իրանը ցույց է տալիս, որ ինքն ունակ է արդիական զինուժ ունենալու և այդ զինուժը կառավարելու՝ նույնիսկ տիեզերական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով»,- ասաց Վարդան Ոսկանյանը։

Ռուսաստանը նույնպես զորավարժություններ է անցկացնում։ Իրանագետը ուշադրություն է հրավիրում փաստին, որ այդ զորավարժությունները կրում են «Կովկաս 2020» անվանումը։

«Պարզ է, որ ՌԴ-ն Կովկաս ասելով նկատի ունի թե՛ Հյուսիսային Կովկասը, թե՛ ոուսական եզրաբանությամբ Անդրկովկասը կամ այլ եզրաբանությամբ Հարավային Կովկասը, կամ Այսրկովկասը։ Ակնհայտ է, որ այդ զորավարժությունների ենթատեքստը նույնպես ուղղված է թուրքական կողմի ախորժակը սահմանափակելուն։ Որևէ պարագայում թուրքական կողմը չի կարող իր ներկայությունը մեր տարածաշրջանում ավելացնել, որովհետև դա դեմ է առնվազն երեք պետություններ շահերին՝ ՀՀ-ի, ԻԻՀ-ի, և ՌԴ-ի»,- ասաց նա։

Իրանագետից հետաքրքրվեցինք նաև հայ-իրանական հարաբերությունների մասին։ Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ հայ-իրանական հարաբերությունները մշտապես պետք է լինեն զարգացող հարաբերություններ, անկախ՝ երկու երկրներում օրվա իշխանություններից։

«Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է ձևակերպվեն որպես Հայաստանի և Իրանի անվտանգության կարևորագույն բաղադրիչ։ Այս երկրները մերձավորարևելյան տարածաշրջանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխլրացնում են մեկը մյուսի անվտանգության համակարգերը»,- նկատեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ