News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այնպես չէ, որ ես ամեն ինչ եմ հրապարակում, իրականում տվյալների արտահոսքը մի քիչ ավելի մեծ է։ Ադրբեջանական հաքերները քիչ-քիչ հմտանում են, որովհետև անընդհատ նստած են այս գործի վրա։ Նույնիսկ, եթե գլխով պատին խփես, ուշ թե շուտ գլուխդ լավ կպնդանա, իսկ այստեղ նաև պետական հովանավորություն կա, իհարկե, ապացուցել չի լինի, բայց նման տպավորություն կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ վերջին շրջանում ադրբեջանցիները կարողանում են ձեռք բերել մեր անձնական տվյալները, կառավարական կայքերից տվյալներ ներբեռնել։

«Տարբեր պատճառներով են նման բաներ լինում, մի տեղ տեխնիկական խնդիր է, օրինակ՝ շատերը  մինչև հիմա Windows XP են աշխատեցնում, որն ուղղակի ամբողջությամբ ծակերից է բաղկացած, որովհետև չի թարմացվում տարիներ շարունակ։ Ինչ-որ մի տեղ անփութությունն է պատճառը, որովհետև չկան տեղեկատվության հետ աշխատանքի հստակ կանոնակարգեր, ու այս բոլեր կետերը, եթե միասին հավաքենք, կարող ենք գալ հետևյալ եզրակացության, որ գնալով նման դեպքերը շատ են լինելու, եթե իհարկե, մենք չփոխվենք»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետը նկատում է՝ ադրբեջանցիները հետապնդում են երեք նպատակ․ նախ այն, որ ցույց են տալիս, որ կարող են անել, երկրորդը՝ հոգեբանական ճնշում գործադրելն է, և երրորդ՝ նրանց կյանքի նպատակն է հայերին վնասելը։

Սամվել Մարտիրոսյանն այս ոլորտում ռազմավարության բացակայությունն է մատնանշում։ Պետք է պատասխանատու մարմին ստեղծվի, օրենսդրությունը թարմանա, քանի որ դրանք չեն համապատասխանում ներկա իրավիճակին, ինչպես նաև անհրաժեշտ է համարում մարդկանց կրթելը։

«Վերջին երկու ամսվա մեջ արտահոսքերի գերակշռող մասը պետական կառույցների հետ կապ ունի, օրինակ՝ կորոնավիրուսով վարակակիրների և կոնտակտավորների անձնական տվյալների արտահոսքը, օրինակ, եթե ԱՄՆ-ի մասին խոսեինք, մեծ հարց է՝ ֆեյսբուքն ավելի շատ տվյալ ունի՞, թե՞ Կառավարությունը, իսկ մեզ մոտ այդպես չէ, հստակ է, որ պետությունն է ամենամեծ տվյալների կրողը, ու պարզ է, որ պետությունը մեզ պետք է պաշտպանի, որովհետև ինքը բոլորիս տվյալների կրողն է, ի վերջո մենք կրակը չենք ընկել, որ այդ տվյալները գոյություն ունեն»,- ընդգծեց մեդիափորձագետը։

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը խախտումների դեպքում նախատեսում է տուգանք՝ 200 000-ից 500 000 դրամի սահմանում։

«Բայց նույնիսկ այս դեպքում առ այսօր ոչ ոք երբեք պատասխանատվության չի ենթարկվել, նույնիսկ այս չափի տուգանքներով։ Չնայած ինչքան արտահոսքեր են եղել, դեռ ինչքանի մասին էլ չենք էլ իմացել։ Կարծում եմ, այստեղ խնդիր կա․ դեպքերը օդում կախված են մնում, մենք չենք իմանում՝ ո՞վ էր մեղավոր, մենք չենք իմանում ինչո՞ւ այդ դեպքը եղավ, շատ դեպքերում էլ չեն մեկնաբանվում դեպքերը, սա նշանակում է, որ ոչինչ չի փոխվի։ Եթե ինչ-որ դեպք պատշաճ պատասխան չի ստանում, ինքը կրկնվում է, կարծում եմ, ինքներս դրա վկան ենք»,- նկատեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ