News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Նորամարգ համայնքի դպրոցի ուսուցիչներն ու ծնողներն այսօր՝ օգոստոսի 5-ին, կրկին հավաքվել էին Կառավարության դիմաց՝ իրենց մտահոգությունը հայտնելով, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը դպրոցի տնօրեն է ցանկանում նշանակել իր մերձավորին:

Լրագրողների հետ զրույցում ուսուցչուհիներից Փերինե Գալստյանը նշեց, որ իրենք պահանջում են, որ շարունակի պաշտոնավարել Ծովինար Գալստյանը: Նշենք, որ դպրոցի տնօրենի ընտրությունները 2 անգամ տապալվել են: Փերինե Գալստյանը համոզված է, որ միտումնավոր է տապալվել:

«Բողոքում էինք, պայքարում, բայց հիմա ունենք հստակ Արարատի մարզպետարանի դիրքորոշումը. ապօրինաբար խախտելով կարգը՝ նրանք ներկա չեն եղել մրցույթին՝ մտածելով, որ կհաղթի դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանը: Դա թե´ օրենքի և թե´ կարգի խախտում է, մենք պահանջում ենք արդարություն, եթե նույնիսկ մրցույթը չի կարող նորից տեղի ունենալ, ուրեմն մենք պահանջում ենք, որ Ծովինար  Գալստյանը դառնա տնօրեն, այսինքն պատկան մարմինները զբաղվեն այս ապօրինությամբ»,- ասաց ուսուցչուհին:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակով դիմել են դեռ առաջին տապալված ընտրությունների ժամանակ, խնդրել են օրինական լուծում տալ, սակայն  այնտեղից նրանց նամակն ուղարկել են մարզպետարան. «Այն կառույց, որին մեղադրում ենք ապօրինի գործելաոճի մեջ: Դիմել ենք նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, սակայն, ապարդյան: Արդեն շշուկներ կան, որ այն կինը, որը հավանաբար դառնալու է դպրոցի տնօրեն, բարեկամական կապ ունի Արարատի մարզպետի հետ, բայց ես կարծում եմ՝ այստեղ նաեւ կաշառքի գործոն կա, ինչի համար մենք պայքարելու են մինչև վերջ»:

Դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանն էլ նշեց, որ ինքը դատական հայց է ներկայացնելու, իսկ ուսուցչական ու ծնողական կոլեկտիվն էլ պատրաստվում են գործադուլ եւ դասադուլ անել. «Եթե մեր ձայնը չի հասնում գրագրության միջոցով, քաղաքակիրթ բողոքի ակցիաների միջոցով, ապա մեք կդիմենք այլ քայլերի»:

Նշենք, որ մրցույթին մասնակցել են ևս 2 անձ՝ Գևորգ Մինայսանը և Գոհար Սահակյանը: Ակցիայի մասնակիցների խոսքով այս ամենը կապված է Գոհար Սահակյանի հետ:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի տնօրենի առաջին ընտրությունը տապալվել էր ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների ընտրությանը ներկա չգտնվելու պատճառով։ Այնուհետև հաջորդ ընտրությունը տեղի ունեցավ, որն էլ կրկին տապալվեց, քանի որ այդ անգամ էլ ներկա չեն եղել մարզպետարանի և համայնքի ներկայացուցիչը։

Տպել
Ամենաշատ