News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես Ամուլսարի շահագործմանը դեմ եմ արտահայտվել դեռ այն տարիներին, երբ լրագրությամբ էի զբաղվում և հոդվածներ էի հրապարակում հանքի շահագործման դեմ։ Բնականաբար, հիմա իմ դիրքորոշումը չի կարող փոխվել՝ կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Ամուլսարում տեղի ունեցող ակցիաներին։

«Ընդհանրապես, Հայաստանում հանքարդյունաբերությանը դեմ եմ։ Կարծում եմ, որ մենք՝ որպես իշխող ուժ, պիտի հասնենք իմ պատկերացմամբ այն տեսլականին, որ Հայաստանում որևէ հանք չշահագործվի, և մեր տնտեսությունը կարողանա այդ եկամուտները գեներացնել առանց մեր ընդերքի ռեսուրսները օգտագործելու»,- ասաց տիկին Թովմասյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայության աշխատակիցները դեպի Ամուլսար տանող ճանապարհը փակած ակտիվիստների վագոն-տնակները հեռացրել էին և տեղադրել իրենցը, որից հետո իրավիճակը սրվել էր։

«Կարծում եմ՝ պետք է խնդիրն ավելի խորքային ուսումնասիրել, որ հասկանանք՝ այդ քայլը, որ իրականացվել է պահնորդական ծառայության կողմից կոնկրետ ի՞նչ նպատակ է հետապնդում, սադրանքի տարրեր կայի՞ն, թե՞ չկային, և ի վերջո այդ վրանների տեղափոխությունը ի՞նչ է տալու մեզ, դա արդյո՞ք ենթադրում է հանքի շահագործում, ես կարծում եմ, որ չի ենթադրում։ Պարզապես ինչ-որ քայլ է իրականացվել և բնապահպանները, տեղաբնակները, ակտիվիստները մտահոգված են, որ հնարավոր է՝ ինչ-որ անցանկալի զարգացումներ լինեն։ Լիահույս եմ, որ այդ զարգացումներին ականատես չենք լինի»,- ընդգծեց նա։

Ամուլսարում տեղի ունեցած ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ եղան։ Ցուցարարները բարձրաձայնում էին, որ հեղափոխություն է եղել, բայց ոստիկանության գործելաոճը չի փոխվել, շարունակում են անհամաչափ ուժ կիրառել։ Մեր հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում, Թագուհի Թովմասյանն արձագանքում է․

«Ես դեմ եմ, որ քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառվի, դա ինձ համար աքսիոմա է, և կարծիքս երբեք չի փոխվի՝ անկախ իմ կարգավիճակից։ Բայց մյուս կողմից մենք պիտի հասկանանք, որ ոստիկանությունը ուժային կառույց է, այլ ոչ թե այնպիսի մարմին, որ միայն փաղաքշական տոնայնությամբ պիտի խոսի որևէ իրադարձության ժամանակ։ Իրենք ուժային կառույց են, իրենց ուժն են գործադրել և մենք որպես իշխանություն պետք է ուշադիր լինենք, որպեսզի որևէ դեպքում այդ ուժը չլինի անհամարժեք, և որևէ դեպքում քաղաքացիների իրավունքները չոտնահարվեն»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ ինքն այս օրերին աշխատանքի բերումով գտնվում է Գեղարքունիքի մարզում և ամբողջությամբ տեղեկացված չէ իրադարձություններից։

Ակցիայի մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն էին հրավիրում տեղի ունեցածի շուրջ, պահանջում, որպեսզի խոսի, ինչպես նաև դիմում էին իշխող ուժի պատգամավորներին։ Մեր հարցին, թե ինքը պատրաստվում է գնա՞լ Ամուլսար, իշխող ուժի պատգամավորն արձագանքում է․

«Գիտե՞ք, եթե ես իմանամ, որ իմ գնալով այնտեղ իրավիճակը կփոխվի, ես հենց այս պահին կգնամ։ Ինձ համար ամենևին խնդիր չի Ամուլսար գնալը և քաղաքացիների կողքին կանգնելը և կարծում եմ, որ մեր խմբակցությունից որևէ մեկի համար ևս, որովհետև մինչ պատգամավոր դառնալը բազմաթիվ գործընկերների գիտեմ, որոնք դեմ են եղել հանքերի շահագործմանը, մասնավորապես՝ Ամուլսարինը և նրանք դեմ են նաև հիմա։ Այնպես չէ, որ իշխանության ներսում տեսակետների փոփոխություն է եղել»։

Մեր դիտարկմանը, թե այս օրերին ԱԺ մյուս խմբակցության պատգամավորներն այցելել էին Ամուլսար, բայց «Իմ քայլից»՝ ոչ, ինչո՞վ է դա պայմանավորված, Թագուհի Թովմասյանը նշում է․

«Ես բոլորի փոխարեն չեմ կարող ասել, ասացի՝ կան մարդիկ, որոնք դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը, գուցե օբյեկտիվ պատճառներով չեն եղել, չեմ կարող ասել, իմ պատճառը շատ օբյեկտիվ է՝ ես այս պահին այլ մարզում եմ աշխատում։ Նորից եմ կրկնում, եթե իմանամ, որ իմ գնալով որևէ հարց կարող եմ լուծել, պատրաստ եմ հենց այս պահին գնալ»։

Գուցե ճիշտը գնա՞լն է, հնարավոր է այդ դեպքում ինչ–որ բան փոխվի՞. իշխող ուժի պատգամավորն արձագանքեց. «Կարծում եմ պետք է սպասենք, հասկանանք Կառավարության վերջնական դիրքորոշումը՝ հետո նոր ձևակերպենք մեր դիրքորոշումը»։

Իսկ ինչպե՞ս է գնահատում վարչապետի լռությունը։ Ակտիվիստները հիշեցնում են՝ երկու տարի առաջ իր համար էին ասֆալտին պառկում, հիմա ինքը ձայն չի հանում։ Պատգամավորն այն կարծիքին է, որ ամեն հարցում չէ, որ պետք է ակնկալել անձամբ վարչապետի պատասխանը։ Կարծում է, որ առաջիկայում Կառավարությունը իր դիրքորոշումը կհայտնի։

«Կարծում եմ՝ այս պահին մի քիչ անհամբերություն կա։ Մարդիկ ավելի օպերատիվ արձագանք են ուզում, բայց կլինի այդ արձագանքը»,– ասաց նա։

Տպել
Ամենաշատ