News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Գինու եւ կոնյակի արտադրության եւ արտահանման ոլորտի ցուցանիշները տարվա առաջին կիսամյակում, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 50%-ով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ վերջին 10 տարվա ընթացքում խաղողի ամենամյա բերքը կազմել է մոտ 120 000 տոննա, եւ ամեն անգամ, տարբեր պատճառներով առաջացել է մոտ 30 000 տոննա ծավալով արտադրանքի բաշխման խնդիր:

«Հաշվի առնելով գինու եւ կոնյակի արտադրության ոլորտում 50%-անոց կրճատումը, ինչպես նաեւ 160 000 տոննա ակնկալվող բերքատվությունը, կարող է 100 000 տոննա խաղողի բաշխման խնդիր առաջանալ»,- ընդգծեց նա:

Հարությունյանը պարզաբանեց, որ համավարակի սկզբից մինչեւ հունիս ոլորտը գտնվում էր շոկային վիճակում, այժմ սկսվել է հետշոկային ժամանակահատվածը, իսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սպասվում է վերականգնման ժամանակահատված, երբ անկումը արդեն կկազմի նախորդ տարվա ցուցանիշների 30%-ը:

«Ոլորտը զրոյական վիճակի կգա հաջորդ տարվա մայիս-հունիս ամիսներին, իսկ աճ կարող է գրանցվել միայն 2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից: Կոնյակի դեպքում անկումը գրանցվել է ոչ միայն ծավալների, այլեւ գնի առումով, ինչը 20%-ով կապված է դոլարի փոխարժեքի տատանումների, ինչպես նաեւ ռուսական շուկայի գնողունակության անկման հետ: Կոնյակի դեպքում հայ արտադրողները 90%-ով կախված են արտաքին գործոններից, քանի որ արտադրանքի ճնշող մեծամասնությունը իրացվում է արտերկրում: Գինու դեպքում այս կախվածությունը հավասարակշռված է՝ այն հավասարապես կապված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պահանջարկի հետ»,- հավելեց փորձագետը:

Նա նկատեց, որ ներքին շուկան հիմնականում ծածկում է զբոսաշրջության ոլորտը, այնպես որ, եթե սեպտեմբերի 20-ից հետո արտակարգ դրությունը չեղարկվի, ապա կարելի է ակնկալել ինչպես զբոսաշրջության, այնպես էլ գինեգործության ոլորտի ցուցանիշների մասնակի վերականգնում:

«Ինչ վերաբերում է ռուսական շուկայում հայկական գինիների հանդեպ հնարավոր խոչընդոտներին, մասնավորապես, ադրբեջանցիներին պատկանող առեւտրի կետերում, ինչպես դա տեղի ունեցավ այլ ապրանքների հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան ռազմական էսկալացիայի ժամանակ, ապա հայ ներմուծողները դեռեւս այդ իրադարձություններից 3-4 ամիս առաջ ձգտում էին խուսափել դրանից: Նրանք դեռ այն ժամանակ սկսել էին հանել իրենց արտադրանքը այդ կետերից՝ հեռանկարների բացակայության պատճառով»,- եզրափակեց Ավագ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել