News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ես շարունակելու եմ իմ առաքելությունը. ծառայելու եմ իմ հայրենիքին այնպես, ինչպես ծառայել եմ այս 22 տարիների ընթացքում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12–ին  NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով իր նշանակմանը։

Համբարձումյանը նշեց, որ դեռևս տեղյակ չէ, թե ԱԱԾ–ում կոնկրետ ո՞ր ոլորտներն է համակարգելու, քանի որ ժամեր առաջ է նշանակումը եղել։

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակումից հետո ԱԱԾ–ում կադրային արտահոսք է և փորձառու սպաները լքում են իրենց պաշտոնները, Համբարձումյանն արձագանքեց.

«Մեր հիմնարկում շատ նորմալ մթնոլորտ է, ես շարունակելու եմ իմ առաքելությունը, ծառայելու եմ իմ հայրենիքին այնպես, ինչպես ծառայել եմ այս 22 տարիների ընթացքում»։

Դիտարկմանը, թե իր համար կարևո՞ր չէ, թե ով է համակարգը ղեկավարում, Համբարձումյանն արձագանքեց.

«Բացարձակ, ես պետությանն եմ ծառայում, իմ հայրենիքին»։

Միքայել  Համբարձումյանը, ով ունի գնդապետի կոչում, նախքան այս նշանակումը զբաղեցնում էր ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի պաշտոնը։

Իսկ մինչ այդ նա եղել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետը։

Միքայել Համբարձումյանը  մի շարք աղմկահարույց գործերով, այդ թվում՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով քննչական խմբի ղեկավարն է եղել։

Համբարձումյանը նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործն է «համակարգել». հենց նա էր 2020թ. հունիսին Ծառուկյանին ԱԺ–ի բակից ուղեկցել ԱԱԾ` հերթական հարցաքննության։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրերով ԱԱԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել Միքայել Համբարձումյանը և Արմեն Աբազյանը։

Վերջինս ընդամենը երկու օր առաջ  նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։

Նշենք, որ  ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը նույն՝ արագացված սխեմայով նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ՝ երկու օրվա ընթացքում հասցնելով ձեռք բերել գնդապետի կոչում։

Տպել