News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հուլիսի 30-ից Բագրատաշենում գտնվող ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները դեռ չգիտեն, թե երբ մեկնելու Ռուսաստան։ Ամեն վայրկյան սպասում են ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան զանգին։  NEWS.am-ի հետ զրույցում նրանցից Գեղամ Բաղդասարյանն ասաց, որ երեկ՝ օգոստոսի 18-ին, իր նամակին ի պատասխան, դեսպանատնից էլեկտրոնային  գրություն է ստացել, որ  իրավիճակը հասկանում են,  իրենցից և ռուսական կողմից կախված ամեն ինչ արել են։  Ավելին,  ըստ այդ գրության, վրացական կողմի հետ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Բագրատաշենում գտնվողների փոխադրումն իրականացնելու համար։

«Պետք է միայն սպասել  վրացական կողմից նշանակվող ժամկետին։ Հասկացեք, վերջապես, որ դեսպանատունը չի ժամկետ նշանանակում, այլ Վրաստանի կառավարությունը։  Ձեր խնդիրը լուծվում է շատ բարձր մակարդակում։ Դա կարող է լինել ցանկացած պահի՝ և՛ ցերեկը, և՛ գիշերը»,- ասված է Գեղամ Բաղդասարյանին ուղղված նամակում։

«Անկեղծ ասած՝ արդեն հուսահատ վիճակում ենք, շատերն արդեն մեքենաներն էլ են ուղարկել, մնացել է 3-4 հատ մեքենա։ Այսօրվա դրությամբ, մեր մեջ մարդ կա, որն իր մեքենան վաճառել է, որպեսզի կարողանա  այս պայմաններին դիմակայել  ու օգնել մնացածին գոնե որոշ հարցերով»,- ասաց Գեղամը։

Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները, երբ հավաքվլ էին Բագրատաշենում, 81 հոգի էին։ Ըստ Գեղամ Բաղդասարյանի՝ նրանցից 7-ին հաջողվել է ինքնաթիռով մեկնել։ Նրա խոսքով՝  իրենց խմբում նաև անչափահաս երեխաներ կան։ Նաև հղի կին կար, որն ըստ Գեղամի՝ օրերս վատ է զգացել, և ամուսինը ստիպված է եղել նրան Երևան՝ հիվանդանոց տեղափոխել։

«Մենք հետդարձի ճանապարհ չունենք, սպասելու ենք։ Ճիշտ է՝ մոտներիս գումարը քիչ է, հացի փող է, բայց արդեն դրա փողն էլ մեկս մյուսին պարտքով ենք տալիս, այն մտադրությամբ, որ լավ կլինի, երբ ձեռքիդ  կլինի՝ կվերադարձնես»,-հավելեց Գեղամը։

Հիշեցնենք, որ համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով՝ մեր ռուսաստանաբնակ հայրենակիցները չեն կարողանում հատել սահմանը։ ՌԴ դեսպանատան դիմաց ակցիաներն, ըստ նրանց, անարձագանք մնացին և իրենք ստիպված  ծայրահեղ քայլի դիմեցին՝ հուլիսի 30-ին մեկնեցին  Բագրատաշեն, որպեսզի իրենց խնդրին ուշադրություն դարձնեն և հնարավոր լինի իրենց տեղափոխել Ռուսաստան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ