News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայաստանում գտնվող` Ռուսաստանի քաղաքացիները և ոչ միայն, հուլիսի 30-ից 81 հոգով տեղափոխվել են Բագրատաշենի անցակետ, որպեսզի Կառավարության և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ուշադրությունը հրավիրեն իրենց խնդրին։

NEWS.am-ի հետ զրույցում Բագրատաշենի անցակետում գտնվող Արթուր Այնազյանը պատմեց, որ այդ քայլին ստիպված են դիմել։ Բանն այն է, որ մինչ այդ նրանք ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության դիմաց ակցիաներ են արել, որպեսզի իրենց խնդրին ուշադրություն դարձնեն և հնարավոր լինի իրենց տեղափոխել Ռուսաստան, սակայն արձագանք չի եղել և դեսպանատուն նամակ են փոխանցել, որում նշել են, որ եթե մինչև ամսի 30-ը արձագանք չստանան, տեղափոխվելու են Բագրատաշենի անցակետ։

«Որովհետև տարբերություն չկա՝ Երևանում փողոցում կապրենք, թե Բագրատաշենում և այդպես տեղափոխվեցինք այստեղ՝ բաց երկնքի տակ ապրում ենք։ Մենք գիտեինք, որ սահմանները փակ են, բայց գիտեինք նաև, որ նախկինում երեք անգամ արձագանքել են ու մարդկանց տեղափոխել են, մտածում էինք, որ գանք այստեղ, մեզ էլ կօգնեն։ Վերջին անգամ հուլիսի 14-ին, 93 հոգու դեսպանատունը ավտոբուսներով տեղափոխել է մինչև Վլադիկավկազ»,- ասաց նա։

Բագրատաշենում գտնվողներից ոմանք Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, որոշները՝ բնակության վայրի մասին տեղեկանք, որոշներն էլ ՀՀ քաղաքացի են, բայց իրենց ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացիներ են։ Արթուրն ասաց, որ իրենց շարքում տարեցներ, հղիներ և անչափահաս երեխաներ կան։

Մինչև Բագրատաշեն տեղափոխվելը նրանցից որոշները վարձով էին ապրում, բայց գումարը վերջացել է, որոշներն էլ բարեկամների տանն են մնացել։

«Ինչքան էլ բարեկամ լինի, ինչքան էլ տեղ տան, բայց դե չի լինում չէ՞ երկար մնալ»,- նկատում է Արթուրը ու հավելում՝ ինքն սկզբից հյուրանոցում էր մնում, իսկ վերջին 15 օրը գիշերել է մեքենայում։

«Այստեղ սրճարան կա, տերերը մեզ թույլ են տվել, որ գոնե նստարանին նստենք, դուրսը ծորակ կա, առավոտյան լվացվում ենք։ Մի քիչ հեռու լիճ կա, մարդիկ գնում են ցայվում, իրենց շորերը լվանում։ Էս շոգին այ այդպես ապրում ենք, ու արդեն սկսվել է ուտելու խնդիրը»,- հավելեց Արթուրը։

Բագրատաշենում գտնվողները այս օրերին կրկին դիմել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությանը, բայց հեռախոսազանգերն ու նամակներն անպատասխան են մնացել։ Հայաստանի արտգործնախարարությունից խոստացել են օգնել, բայց արձագանք դեռ չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ