Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հաշվի առնեն ԼՂ հարցով ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդների հայտարարությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը:
«ԼՂ թեմայով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հայտարարությունները ոչ թե պարզապես կարեւոր, այլ եզակի փաստաթուղթ եմ համարում: Քաղաքական-դիվանագիտական ֆոնն այնքան անբարենպաստ է, որ շատերը կասկածում էին, որ երեք երկրների միջեւ երկխոսությունը բացակայում է: Հենց այդ պատճառով 3 առաջնորդների կողմից հնչեցված միասնական դիրքորոշումը նշանակություն ունի ոչ միայն կոնկրետ այդ հակամարտության համար: Դա ցուցանիշ է, որ միջազգային դիվանագիտությունը դեռ ողջ է, որ հանրությունը պատրաստ է արձագանքել մարտահրավերներին, եւ որ կան թեմաներ, որոնք միավորում են այդքան տարբեր երկրներին: ՀՀ եւ Ադրբեջանի առաջնորդների փոխարեն ես իսկապես կլսեի նրանց դիրքորոշումները, որոնք արտահայտված են այդ հայտարարություններում: Դա իսկապես ուժեղ քայլ էր համաշխարհային առաջնորդների կողմից, եւ դա հույս է ներշնչում, որ տարածաշրջանում իրավիճակը կկարգավորվի»,-գրել է նա: