News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Սեւ ծովի շուրջ օղակաձեւ մայրուղու շինարարությունը դեռ գտնվում է նախագծման փուլում: Այդ մասին այսօր` մայիսի 25-ին հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ, Սեւծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Նրա տեղեկացմամբ` Թուրքիան եւ Ադրբեջանը դեմ են, որ մայրուղին անցնի նաեւ Հայաստանով, սակայն մնացած երկրները կարծում են, որ դա հակասում է կազմակերպության սկզբունքներին:

Սեւ ծովի շուրջ օղակաձեւ ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Բելգրադում 2007-ի ապրիլի 19-ին եւ ուժի մեջ մտել 2008-ի նոյեմբերի 1-ին:

Նախնական գնահատումներով, ավտոճանապարհի երկարությունը կլինի ավելի քան 7 հազար 100 կիլոմետր: Այն անցնելու է Ստամբուլով, Բաթումիով, Նովոռոսիյսկով, Տագանրոգով, Մարիուպոլով, Օդեսայով, Քիշնեւով, Բուխարեստով, Խարկովով, Ալեքսանդրոպոլիսով: Հայաստանի տրանսպորտի այն ժամանակվա նախարար Անդրանիկ Մանուկյանի առաջարկով` մայրուղին կառուցելիս պետք է հաշվի առնվի դեպի Սեւ ծով տրանսպորտային ելքի հնարավորություն այն երկրների համար, որոնք այժմ չունեն դա:

Նշենք, որ ներկայում Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամներ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան եւ Սերբիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ