News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» իշխող դաշինքը տապալեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին: Այս մասին նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում «Ռազմական դրությունը վերացնելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ ռազմական դրության ռեժիմի անհրաժեշտություն այլեւս չկա, քանի որ սպառնալիքները, որոնց հետ կապված սահմանվել էր տվյալ ռեժիմը, այլեւս չկան:

«Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի,Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարություն է ստորագրվել Արցախում մարտական գործողությունները դադարեցնելու մասին: Դրանից հետո կողմերը հայտարարել են, որ անվտանգության հարցը կարելի է լուծված համարել»,-պարզաբանեց նա:

Գորգիսյանը նաեւ նշեց, որ նոյեմբերի 10-ին «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ եւ այդ ժամանակ նրան վստահեցրել են, որ ՊՆ-ին եւս 7 օր է անհրաժեշտ առկա հարցերը լուծելու համար, ինչից հետո արդեն հնարավոր է բարձրացնել ռազմական դրության ռեժիմի չեղարկման հարցը: Սակայն պատգամավորը նշեց, որ այսօր արդեն նոյեմբերի 25-ն է, այսինքն՝ ՊՆ-ին եւ ԳՇ-ին բավականին երկար ժամանակ է տրվել խնդիրները լուծելու համար:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին հայտարարեց, որ տվյալ հարցը հեշտ չէ լուծելը, եւ դրա համար ժամանակ է պետք:

«Մեր երկրի սահմանները, որոնք այժմ երկարել են, համապատասխան պահպանության կարիք ունեն: Ադրբեջանի հսկողության տակ մի շարք տարածքների անցման հետ կապված սահմանները երկարել են, եւ այժմ երկրի սահմանների անվտանգությունը լիարժեք ապահովելու համար ժամանակ է պետք»,-նկատեց Քոչարյանը:

Այնուամենայնիվ, Գորգիսյանը նշեց, որ այդ բոլոր գործողությունները կարելի է իրականացնել նաեւ առանց ռազմական դրության ռեժիմի, քանի որ տվյալ ռեժիմը ենթադրում է այլ միջոցառումների իրականացում, օրինակ՝ մարդկային ռեսուրսի լիարժեք կամ մասնակի մոբիլիզացիա, ինչի կարիքն այլեւս չկա:

ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչը ուշադրությունը հրավիրեց այն բանին, որ Զինված ուժերը պետք է լուծեն Հայաստանի եւ Ադրբեջանի 520 կմ երկարությամբ սահմանի անվտանգության ապահովման հարցը: Նրա խոսքով՝ դրա համար իսկապես ժամանակ է պետք: Նա չբացառեց, որ ռազմական դրության ռեժիմը կարող է չեղարկվել, սակայն հավելեց, որ զորամասերում գտնվող մոբռեզերվը չպետք է լուծարվի: Դրա համար, նրա խոսքով, պետք է համապատասխան իրավական հիմք, եւ եթե այն կա, ապա ռազմական դրության չեղարկման հարցը կարելի է բարձրացնել առաջիկա նիստի ժամանակ:

Ակտիվ քննարկումներից հետո հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ