News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իմ կարծիքով՝ ժամանակավոր կառավարությունը պետք է լինի կոնսենսուսային և կազմված լինի պրոֆեսիոնալներից։ Հատկապես վարչապետի պաշտոնում անձամբ ես տեսնում եմ բոլորի կողմից ընդունելի և փորձառու գործչի։ Ես այդպիսի գործիչների տեսնում եմ, բայց անուններ տալ չեմ ուզում, քանի որ այսօր օրակարգում միակ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:

Հարցազրույցը մասամբ ներկայացնում ենք ստորև, այն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո բողոքի ցույցեր սկսվեցին, որտեղ պահանջվում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դուք՝ ձեր քաղաքական ուժով ևս այնտեղ եք։ Զուգահեռ տեսակետ կա, որ այդ 17 ուժերը նույնն է, թե նախկիններն են և ուզում են իշխանության գալ։

Այդ ցույցերում առաջին հերթին Հայաստանի հազարավոր քաղաքացիներն են, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը պատերազմի 45 օրերին ընթացքում իրենց լկտիաբար խաբելու, հաղթական պատերազմի թեզերով սնելու, կեղծ իրականություն հրամցնելու, իսկ վերջում բոլոր այդ մարդկանց ազգային արժանապատվությունն ու պատիվը ոտնահարելու և հայրենիքի մի մասը կորցնելու համար։ Այսօր առկա գործընթացը նախաձեռնել են 17 քաղաքական ուժեր, որոնց թվում են ինչպես իմ ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն, այնպես էլ խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, արտախորհրդարանական բազմաթիվ այլ ուժեր։ Բոլորիս պահանջը մեկն է ու շատ հստակ՝ Նիկոլ Փաշինյանի ինքնակամ, անցնցում հեռացումը։ Իսկ ինչո՞ւ հրաժարական՝ պատճառն ավելի քան պարզ է. Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարումը տապալած վարչապետ է և պատերազմ պարտված, այսպես կոչված, գերագույն հրամանատար։ Ես ուզում եմ այս երկու փաստերը հստակ արձանագրենք բոլորս, քանի որ դրանք այլևս անդառնալի իրողություններ են։

Պարոն Վանեցյան, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս ու հեռանում, այդ դեպքում ո՞վ է հրապարակում հավաքված քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուն և ի՞նչ օրակարգ պետք է որդեգրվի, քանի որ մարդկանց հսկայական զանգվածի, ովքեր արդեն խորապես հիասթափված են Նիկոլ Փաշինյանից, հենց այս հարցն է հուզում։

Թե՛ ես և թե՛ հրապարակում հավաքված քաղաքական ուժերը տարբեր առիթներով և բազմիցս նշել ենք, որ այս պահին Հայաստանում տեղի ունեցող գործընթացների առանցքը որևէ դեպքում չպետք է նեղացնել ու այն հանգեցնել զուտ գործող վարչապետի անձը մեկ այլ անձով փոխելուն, այսինքն՝ որևէ դեպքում չեմ ուզենա, որ շեշտադրումները գնան միայն այդ ուղղությամբ։ Խնդիրն ավելի մասշտաբային է, խորքային ու բազմաշերտ։ Այսօր մենք պետականության փրկության մարտահրավերին ենք դիմակայում։ Քիչ առաջ ես բանաձևեցի այդ խնդիրներն ընդհանուր առմամբ, ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ մեր առջև ծառացած խնդիրներն այնքան ընդգրկուն ու օրհասական են, որ մեզ պետք են համակարգային, համակողմանի, հրատապ լուծումներ։ Սա ենթադրում է ավելի շուտ կոլեգիալ պատասխանատվություն և բոլոր այն մարդկանց ներուժի համախմբում, ովքեր իրապես հասկանում են պետության և պետականության գաղափարն ու իրենց մտավոր կարողություններով, քաղաքական ու մասնագիտական կապիտալով կարողանալու են ստանձնել կոնկրետ ոլորտային պատասխանատվություն և երկիրը դուրս բերել այն փոսից, որը մեզ համար փորեցին պոպուլիստներն ու խաբեբաները։ Դեռևս այս տարվա հունիսի 3-ին Վանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության համախոհների հետ հանդիպման ժամանակ, լավ հասկանալով, թե ներկա իշխանությունները դեպի ուր են տանում Հայաստանն ու Արցախը, առաջարկեցի որպես ստեղծված իրավիճակից ելք ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն, որը կրելու է ժամանակավոր բնույթ, մինչ երկրի մեջքը հնարավորինս ուղղվելուց հետո արդեն կայուն ու նորմալ պայմաններում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ ժամանակ մեր այս առաջարկը, չեմ ուզում ասել, անտեսվեց, բայց չդարձավ այն գերակայությունը, որպիսին իրապես կոչված էր լինելու։ Ավելին, իշխանությունները սկսեցին իմ դեմ մի նոր արշավ՝ իրավապահ համակարգի ներգրավմամբ։ Հիմա, երբ արդեն չարաբաստիկ պատերազմը առանց բացառության բոլորին ի ցույց դրեց Նիկոլ Փաշինյանի իշխանության էությունը, շատ շատերի համար ընկալելի դարձավ, թե ինչի մասին էի խոսում։ Օրերս, երբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էր քաղաքական տարբեր ուժերի հետ իրավիճակից ելք գտնելու համար սկսել խորհրդակցությունների շարք, ես այդ խորհրդակցությունների շրջանակում կրկին նախագահին առաջարկեցի այն, ինչի մասին, որ բարձրաձայնել էի դեռ ամիսներ առաջ։ Նախագահի կողմից ևս կա ըմբռնում, որ դա ստեղծված իրավիճակի միակ ելքն է։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ թե հանրության շրջանում և թե քաղաքական ուժերի շրջանում այս մասով կա լայն համախոհություն։ Հետևաբար, վարչապետի ենթադրյալ թեկնածուի մասին խոսելիս, պետք է ելնել այս նկարագրածս վիճակից, ինչը նշանակում է, որ վարչապետի թեկնածուն լինելու է հնարավոր բոլոր այս շրջանակների կողմից ընդունված մարդ: Ասեմ ավելին, իրերի դրությունն այնպիսին է, որ դուրս լինելով զուտ ներկուսակցական շահերի պրիզմայով քաղաքական պայքարից, ես կարծում եմ, որ մենք նույնիսկ կարող ենք ունենալ առաջադրված միասնական վարչապետի մի քանի թեկնածու, հետևաբար և հնարավորություն՝ ընտրելու այն լավագույնին, ով ունակ է ազգային համախմբմամբ ուղղել մեր երկրի կռացած մեջքն ու կայուն հիմքեր դնել սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Հավատացեք, մեր երկրի ճակատագրով մտահոգ ու բանիմաց մարդկանց կադրային բազան բավական ներկայացուցչական է, այդ միայն Նիկոլ Փաշինյանն է, ով իր անձի պաշտամունքից կուրացած չի տեսնում ուրիշ որևէ բան։ Ինչ վերաբերվում է օրակարգին, ավելի մանրամասն այդ մասին մենք կխոսենք, երբ արդեն կմոտենանք այդ փուլին, չնայած ձեր նախորդ հարցի շրջանակներում արդեն նշեցի, թե որոնք են մեր երկրի օրակարգային հարցերը։ Ինչու եմ ասում մեր երկրի, քանի որ սա մեկ կամ մի քանի քաղաքական ուժի խնդիր չէ։ Կուզենամ միայն հավելել, որ այդ օրակարգը ենթադրելու է ոչ միայն հրատապ ներպետական հարցերի շրջանակ ու դրանց լուծումներ, այլ նաև արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցեր և առաջին հերթին մեր դաշնակից ու բարեկամ երկրների հետ հարաբերություններին նոր որակի ու դինամիկայի հաղորդում, այս ընթացքում թույլ տրված բազմաթիվ ցավոտ սխալների շտկում և այդ հարաբերությունների տեղափոխում դեպի նոր հորիզոն։

Պարոն Վանեցյան, նախօրեին վարչապետը գրառում էր արել, որում ներկայացնում էր, թե պատերազմական բուն գործողությունների փուլում դրանք դադարեցնելու համար իրեն ինչ առաջարկություններ են արվել, ինչու է մերժել, ինչպես նաև, կարծես, գերիների ծնողներին, ովքեր բողոքի ցույցեր են անում, ակնարկում էր, որ այդ ցույցերը խանգարում են նրանց վերադարձի գործընթացին։ Այս առնչությամբ ի՞նչ կասեք։

Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այն, ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը թե ուղերձներ հղելու և թե գրառումներ անելու տեսքով, մի նպատակ ունի. կատարվածի մեղավորներ կարգել բոլորին և իրեն բնորոշ խորամանկությամբ շրջանցել իրեն ու իր ապիկար շրջապատին։ Սա ուշացած խաղ է Փաշինյանի կողմից, նրա վստահության գնացքն արդեն գնացել է, մարդիկ թացը չորից շատ լավ տարբերում են։ Երկրորդ՝ նա այդ ուղերձներում ու գրառումներում նորից ստեր է տարածում. գրել էր, որ փախստականների՝ Շուշի վերադարձի հետ կապված նրբություններ են եղել, որոնք ինքը բացատրել է Ռուսաստանի նախագահին, իբրև վերջինս այդ մասին տեղյակ չի եղել, և հենց այդ նրբություններից ելնելով էլ ինքը հրաժարվել է հոկտեմբերի երկրորդ կեսին պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իրեն արված առաջարկից։ Սա նրա հերթական մանիպուլյացիան է, քանի որ բոլորս հիշում ենք այս հարցի մասին ՌԴ նախագահի մեկնաբանությունը, որ իր համար տարօրինակ է եղել Նիկոլ Փաշինյանի բացատրություններն ու բնականաբար դրանց հիմքով հրաժարվելը։ Հետո, մենք տեսանք, թե ԱԺ ամբիոնից ուղիղ եթերով նա Շուշիի մասին ինչ ստեր էր խոսում օրեր առաջ, որ նույնիսկ ԱԳՆ-ն ստիպված չխայտառակվելու համար րոպեներ անց հերքեց նրան, ինչին հաջորդեց Փաշինյանի րոպեական հիստերիան ու ոտքի վրա Զոհրաբ Մնացականյանին աշխատանքի ազատելը։ Պարզ է, չէ՞, ինչ ողբերգության հետ գործ ունենք։ Ինչ վերաբերում է գերիների խնդրին, ապա նրանց ծնողներին բողոքի ցույցերից հեռու պահելու փոխարեն՝ Փաշինյանը լավ կանի ազնվորեն խոստովանի, որ ինքն այդ հարցը լուծել չի կարողանում, քանի որ իրեն այլևս որպես բանակցողի բանակցությունների սեղանի մոտ ոչ ոք չի հարգում։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ