News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձեւի կապակցությամբ։

«Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 4-ին ընդունված բանաձեւը, որը վերահաստատում է նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւում արտահայտված առանցքային դիրքորոշումը՝ երկրի կառավարության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ։

Կարեւորում ենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի դիրքորոշումն ամբողջականացնող այս բանաձեւը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի եւ նրա կողմից հավաքագրված վարձկան ահաբեկիչների աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված Ադրբեջանի զինված ագրեսիան եւ խաղաղ բնակչության դեմ ազգային ատելության հիմքով իրականացված հանցագործությունները։

Բարձր ենք գնահատում նաեւ ֆրանսիացի խորհրդարանականների ջանքերը՝  Ֆրանսիայի իշխանությունների եւ եվրոպական այլ երկրների հետ համագործակցությամբ Արցախին մարդասիրական աջակցության ապահովմանը, ինչը կարեւոր ներդրում կլինի պատերազմի հետեւանքով մեր հանրապետությունում առաջացած մարդասիրական ճգնաժամի արդյունավետ լուծման համար։

Լիահույս ենք, որ Արցախի Հանրապետության ճանաչման մասին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձեւերն ամուր քաղաքական հիմք կհանդիսանան ֆրանսիայի կենտրոնական իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման համար։

Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կերաշխավորի իր հայրենի հողում ազատ եւ արժանապատիվ ապրելու Արցախի քաղաքացիների իրավունքները եւ կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում ավելի ամուր անվտանգության, կայունության եւ կանխատեսելիության ապահովմանը։

Արցախի անկախության ճանաչման մասին բանաձեւերի ընդունումը նաեւ լրացուցիչ խթան կհաղորդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը»,- ասվում է հայտարարության մեջ։

 
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ