News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Կարեւորագույն խնդիր է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը. սյստեղ, ուզում եմ ասել, որ որոշակի առաջընթաց ունենք, եւ, ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ: Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղերձի այդ հատվածում ասվում է.

«Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ պատերազմից առաջ հայկական եւ ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն: Ու հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք նրանց, ում գերեվարված լինելու փաստը այս պահին հաստատված է պաշտոնապես, այլեւ մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ եւս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն: Այստեղ մեզ պետք է որոշակի համբերություն, եւ ես կարծում եմ, որ մենք հաջողություններ կունենանք։

Հաջորդ կարեւորագույն խնդիրը մեր անհետ կորածների ճակատագիրը պարզելն է: Այս գործընթացը նույնպես թեկուզ դանդաղ, բայց ընթանում է: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Այս թեման ինձ համար այսպիսի մանրամասներով շատ դժվար եւ ծանր է ներկայացնել, հենց թեկուզ բառապաշարի մանրամասների իմաստով, բայց, մյուս կողմից, գիտեմ, որ հանրությունն ունի պատասխանների կարիք։ Այնպես որ, նախապես ներողություն եմ խնդրում այսպիսի մանրամասների շուրջ խոսելու համար։ Ուրեմն, ի՞նչ է տեղի ունենում. մի կողմից՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերումն է կատարվում: Մյուս կողմից, Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի մարմինների ճանաչում է կատարվում:

Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին: Եւ ուզում եմ ընդգծել, որ ավելի քան 500 մարմիններ այս պահին գտնվում են ճանաչման փուլում: Մեծ հավանականությամբ, ցավոք սրտի, այս մարմինները անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են: Հիմա ընթանում է նրանց ճանաչման գործընթացը, որը կատարվում է հետեւյալ կերպ. վերցվում է մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատներից վերցրած ԴՆԹ նմուշի հետ: Այս գործընթացը, ցավոք, բավական ժամանակատար է: Բայց ուզում եմ նաեւ ասել, որ նոյեմբերի 9-ից այս կողմ նույնականացվել է եւ հարազատներին է հանձնվել 135 մարմին, եւ այս գործընթացը կշարունակվի: Ցավում եմ շատ, էլի ներողություն եմ խնդրում, որ այս թեմայի մասին այսպես խոսում եմ, սա շատ դժվար է, բայց ստիպված եմ, էլի եմ ուզում ասել, որովհետեւ հանրությունը սպասում է կոնկրետ պատասխանների:

Ես ուզում եմ նաեւ մի հարցի անդրադառնալ՝ որ կա անհետ կորածների եւս մի խումբ, որոնց հետ կապված ես հիմա ուղղակի չէի ցանկանա բարձրաձայնել։ Եւ ուզում եմ ասել, որ նրանց հետ կապված նույնպես կոնկրետ աշխատանք է արվում, բայց որեւէ կերպ հիմա այդ աշխատանքի մասին ես չեմ կարող խոսել։

Նաեւ ուզում եմ ասել՝ մենք դեռ չենք հասցրել պետական մակարդակով խոնարհումի միջոցառումներ եւ սգո օրեր հայտարարել: Կարծում ենք՝ դա ավելի ճիշտ կլինի անել չճանաչված մարմինների առնվազն մեծ մասի ճանաչումից հետո: Սա պիտի լինի խոնարհումի, մտորումի, մորմոքի մի շրջան, եւ այն պետք է ապրենք իրար հետ եւ իրարով:

Եւ սա պետք է լինի մտորում՝ անցյալի եւ ապագայի մասին: Առավել միտված ապագային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ